ԵԼՔ-ի պաստառները Վանաձորում պատառոտել են. ԿԸՀ-ն դիմել է ոստիկանություն

ԵԼՔ-ի պաստառները Վանաձորում պատառոտել են. ԿԸՀ-ն դիմել է ոստիկանություն

PanARMENIAN.Net - Մարտի 6-ի լույս 7-ի գիշերը հարձակում է տեղի ունեցել ԵԼՔ դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի վրա։

Անհայտ անձինք պատառոտել և փչացրել են դաշինքի նախընտարական քարոզչության պաստառները, տեղեկացնում է դաշինքի մամուլի հետ կապերի բաժին։

«ԵԼՔ դաշինքի համար տեղի ունեցածը հատուկ կարևորություն ունի, հաշվի առնելով այն հանագամանքը, որ նախընտրական քարոզչության համար ԵԼՔ-ի բյուջեն գոյանում է ՀՀ քաղաքացիների նվիրատվություններից», - ասված է դաշինքի հաղորդագրությունում։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.11-րդ հոդվածի 2-րդ մասին համաձայն.

Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված գործերով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու և վարչական դատարան վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմում ներկայացնող մարմին հանդիսանում է իրավասու ընտրական հանձնաժողովը, թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովը մարտի 7-ին դիմել է ՀՀ Լոռու մարզային ոստիկանության վարչություն, խնդրելով Վանաձոր քաղաքում ԵԼՔ կուսակցությունների դաշինքի քարոզչական պաստառները պատռող անձանց վերաբերյալ տեղեկություններ ունենալու պարագայում դրանք տրամադրել հանձնաժողովին՝ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթ իրականացնելու նպատակով:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---