«Էյ Թի Փի»-ի Կարինի տնկարան այցելություններ՝ ապրիլի 29-ից

«Էյ Թի Փի»-ի Կարինի տնկարան այցելություններ՝ ապրիլի 29-ից

PanARMENIAN.Net - «Էյ Թի Փի»-ի Կարինի տնկարանը կհյուրընկալի «Ամրացրու արմատներդ» խորագրով կազմակերպվող շրջայցերի մասնակիցներին:

Այցերի կազմակերպման նպատակն է հանրությանը ներկայացնել «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը և բարձրացնել բնապահպանական խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ իրազեկության մակարդակը:

«Մենք բազմաթիվ փոփոխություններ ենք իրականացնում: Այս տարի մեր նպատակն է տնկել ևս քարրորդ միլիոն ծառ», - նշել է «Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը:

«Ամրացրու արմատներդ» խորագրով առաջին շրջայցը 2017-ին նախատեսված է ապրիլի 29-ին, այնուհետև մայիսի 30-ին, հունիսի և հուլիսի 5-ին: Սա հանրային միջոցառում է, և ակնկալվող նվիրատվությունը 20 ԱՄՆ դոլար է: Այցը կտևի մոտավորապես 3 ժամ՝ ներառյալ ուղևորությունը: Տեղում կմատուցվի հյուրասիրություն:

Կարինի տնկարան այցելող հյուրերը, այդ թվում դեսպաններ և դպրոցականներ, ստորագրում են այցելուների գրքում: «Անչափ շնորհակալություն մեր մոլորակի պահպանմանն ուղղված Ձեր ծառայությունների համար: Առանց Ձեր նման մարդկանց, աշխարհը ողբալի վիճակում կլիներ: Շարունակեք կանաչապատել մեր մոլորակը»,- գրել է Գրեմմի մրցանակակիր Ջաս Ստոնը Երևանում կազմակերպված միջազգային ջազ փառատոնին հաջորդող օրը՝ Կարին այցելության ժամանակ:

Այցելուները զբոսնում են տնկարանով՝ ծանոթանալով դաշտերում համդիպիող, ինչպես նաև Ջեյմս և Էվելին (Թալանյան) Մուկջյանների անվան ջերմոցում բազմացվող ավելի քան 50 ծառատեսակի, թփերի և բուսատեսակների հետ: «Էյ Թի Փի»-ի ընկերասեր փորձագետները այցելուների հետ կիսվում են բուսատեսակաների վերաբերյալ հետաքրքիր փաստերով և պատմություններով:

Հյուրերը կանգ են առնում Մայքլ և Վիրջինիա Օհանյանների անվան բնապահպանական կրթական կենտրոնում, որտեղ հազարավոր դպրոցականների համար անցկացվում են բնապահապանական թեմաներով դասընթացներ:

«Էյ Թի Փի»-ի Կարինի և մյուս երեք տնկարանը աշխատանքով են ապահովում 42 անձի, որոնց մեծամասնությունը Ադրբեջանից գաղթած հայեր են:

1994թ-ից մինչ այժմ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը տնկել է մոտ 5.216.500 ծառ: «Էյ Թի Փի»-ն Հայաստանում ծառատունկ իրականացնող միակ խոշոր կազմակերպությունն է և իր գործունեության 22 տարվա ընթացքում հաջողությամբ հիմնադրել է 4 տնկարան, երկու բնապահպանական կրթական կենտրոն և կանաչապատել Հայաստանի և Արցախի բոլոր համայնքային տարածքները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---