Հայաստանը բարելավել է դիրքը Վիզային սահմանափակումների վարկանիշում

Հայաստանը բարելավել է դիրքը Վիզային սահմանափակումների վարկանիշում

PanARMENIAN.Net - Հայաստանը բարելավել է դիրքը Henley & Partners ընկերության Վիզային սահմանափակումների վարկանիշում՝ 2017-ին զբաղեցնելով 78-րդ հորիզոնականը: 2016-ին ՀՀ-ն 80-րդն էր, 2015-ին՝ 86:

Visa Restrictions Index ամենամյա վարկանիշը մարդկանց ազատ տեղաշարժի մակարդակի միջազգային վարկանիշ է: Henley & Partners ընկերությունը վերլուծում է 219 երկրի մուտքի արտոնագրերին առնչվող կանոններն ու դասակարգում ըստ առանց վիզայի մուտքի իրավունքով երկրների քանակի:

Հայաստանը վարկանիշում 78-րդ տեղը կիսում է Բենինի, Ղրղզստանի և Մարոկկոյի հետ: Հարևան Վրաստանն ու Ադրբեջանը համապատասխանաբար 68-րդ և 74-րդ տեղերում են: Թուրքիան վարկանիշի 52-րդ հորիզոնականում է, Ուկրաինան՝ 58-րդ, Ղազախստանը՝ 67-րդ, Բելառուսը՝ 70-րդ: ՌԴ-ն առաջինն է ԱՊՀ երկրների թվում և 51-րդն աշխարհում:

2017-ի վարկանիշի առաջին տասնյակում նույն 28 երկիրն է (որոշ դեպքերում մի քանի երկիր նույն հորիզոնականում է), ինչ 2016-ին: Գերմանիան ցանկի առաջատարն է արդեն 4-րդ տարին անընդմեջ, նրան հաջորդում է Շվեդիան: Իսկ 3-րդ հորիզոնականը 5 պետություն է կիսում՝ Ֆինլանդիան, Իտալիան, Իսպանիան, ԱՄՆ-ն և Դանիան:

Վարկանիշի վերջին տեղերում Պակիստանը, Իրաքն ու Աֆղանստանն են:

Վարկանիշում ընդգրկված երկրների մեծ մասը բարելավել է դիրքը 2016-ի համեմատ: 108 երկիր ավելի բարձր դիրք է զբաղեցրել, 42-ը պահպանել է նույն ցուցանիշը, 48-ը նահանջել է իր դիրքից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---