Օլանդը կողմ է ԼՂ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսմանը

Օլանդը կողմ է ԼՂ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսմանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար պետք է վերսկսել բանակցությունները։

«Մենք ցանկանում ենք, որ բանակցությունները վերսկսվեն։ Ուզում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները ևս` ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, իրենց ավանդն ունենան այդ գործընթացում։ Կարծում ենք, որ այդ ձգձգված հակամարտության լուծման ճանապարհը կարելի է գտնել»,- ասել է Օլանդն Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևի հետ Փարիզում կայացած հանդիպումից հետո, հայտնում է Sputnik-Արմենիան։

Իլհամ Ալիևն իր հերթին նշել է, որ Ֆրանսիան, որպես ՄԽ համանախագահ, ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար։«Մենք բարձր ենք գնահատում այդ ջանքերը։ Մասնավորապես պետք է նշեմ 2014 թվականի վերջին Ելիսեյան պալատում Հայաստանի նախագահի հետ անցկացրած հանդիպումը։ Կառուցողական ու լավատեսական հանդիպում էր։ Ցավոք, դրանից հետո բանակցային գործընթացում որոշակի լճացում է նկատվում»,- ասել է նա։

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը ցանկանում է հարցը շուտափույթ լուծել միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան։ Նա ավելացրել է, որ այս փուլում պետք է հնարավորին չափ շուտ վերսկսել բանակցությունները։

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հիշատակել էր, որ Ֆրանսիան ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: «Նախ, որպեսզի զերծ մնանք վերջին շաբաթներին և ամիսներին արձանագրված միջադեպերի կրկնությունից, պետք է ունենանք միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, որոնց առկայությամբ կարող ենք կանխարգելել նման միջադեպերը և պատժել այն գործողությունները, որոնք սպառնում են խաղաղությանը:

Եվ, այնուհետև, մենք ցանկանում ենք գտնել քաղաքական լուծում, և Ֆրանսիան ևս մեկ անգամ վերահաստատել է իր հանձնառությունն Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև, իհարկե, Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ անհրաժեշտ տևական լուծում գտնելու հարցում», - ասել է Օլանդը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---