Սպիտակի երկրաշարժի մասին նոր ֆիլմ է նկարահանվում

Սպիտակի երկրաշարժի մասին նոր ֆիլմ է նկարահանվում

PanARMENIAN.Net - 2018-ին ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսանդր Կոտտը կավարտի աշխատանքը Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ֆիլմի վրա: Կինոնկարն էկրան կբարձրանա երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ:

Հայտնի է դարձել, որ ֆիլմը կստանա եվրոպական «Եվրիմաժ» հիմնադրամի աջակցությունը: Ֆիլմը համատեղ արտադրության է՝ Հայաստանի և Ռուսաստանի: Հիմնադրամը 250.000 եվրո է հատկացրել:

«Սցենարի բոլոր հիմնական սյուժետային գծերը պահպանվել են: Միակը, որ հանել ենք, դիակապտների մասին պատմող գիծն է, քանի որ հայ գործընկերները հենց սկզբից դեմ էին դրան: Աշխատանքի ընթացքում մենք հասկացանք, որ դա չէ գլխավորը: Սցենարը 10 տարի առաջ գրել է Մարինա Սոչինսկայան՝ այն շատ անկեղծ է, հիմնական նպատակն է հիշել զոհվածներին, իսկ Հայաստանում գրեթե մեկը չկա, որը հարազատ կորցրած չլինի երկրաշարժի ժամանակ: Մենք ուզում ենք հիշել ոչ միայն ողբերգական իրադարձությունները, այլ նաև բոլոր այն մարդկանց, որոնք այն ժամանակ օգնության եկան»,-ասել է Ելենա Գլիկմանը, գրում է Kinopoisk.ru-ն:

Ինչպես նշել է ռեժիսորը, ֆիլմի գլխավոր հերոսը մի հայ է, որը մտադիր է Լոս Անջելես տեղափոխվել բնակության, ինչպես շատերն այն ժամանակ, սակայն հասկացել է, որ դա է նրա հայրենիքը և հայրենիքից չես փախչի: «Սա ֆիլմ ռեքվիեմ է, սա կինո է մի մարդու մասին, որը գտել է իրեն: Ցավոք՝ ողբերգության գնով»,-ասել է Կոտտը:

Գլխավոր դերը կատարել է Լեռնիկ Հարությունյանը: Սյուժեով նա ռուս ընկեր ունի, որին խաղում է Օլեգ Վասիլկովը, իսկ քաղպաշտպանության զինվորների դերակատարներն են Ալեքսանդր Կուզնեցովը ու Կոնստանտին Պոյարկովը:

«Այդ հերոսները բարդ բնավորություն ունեն: Նրանք բացահայտվում են տարբեր կողմերից, ցուցադրում են ոչ միայն քաջություն, հերոսություն, կարեկցանք, այլ նաև վախ, ինքնապաշտպանվելու մղում, որն առաջ է գալիս մարդու մոտ այդպիսի աղետների ժամանակ: Ֆիլմում և ողբ կա, և զոհեր, սակայն, անկասկած, կա մի գիծ, երբ հերոսները ճակատագրի բարդ շրջադարձում բացահայտվում են այնպես, ինչպես իրենք էլ չէին սպասում»,-ասել է պրոդյուսերը:

Ֆիլմում նաև ֆրանսիացի դերասաններ են նկարահանվել՝ Օլիվյե Պեյջեսն ու Ժոզեֆին Ժապին, որը հայտնի է Մելանի Լորանի «Ես շնչում» եմ ֆիլմով, որը ներկայացվել էր «Սեզարի»:

Կոտտի սկզբունքային դիրքորոշումն էր, որ բոլոր հերոսներն իրենց մայրենիով խոսեն, ուստի լսվում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն խոսակցություն: «Այն ժամանակ Սպիտակում Բաբելոնի տպավորություն կար՝ տարբեր լեզուներով խոսող մեծաթիվ մարդիկ: Մենք ցանկանում էինք պահպանել այդ զգացողությունը ֆիլմում»,-ասել է Գլիկմանը:

Նկարահանումների առաջին փուլն ավարտված է: Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում և Ղրիմում՝ ՀՀ մշակույթի նախարարության, Ազգային կինոկենտրոնի, ՊՆ և ԱԻՆ աջակցությամբ: Ֆիլմի գլխավոր խորհրդատուն է Նորայր Մուրադյանը, որը տառացիորեն երկրաշարժից մեկ ժամ առաջ նշանակվել էր Սպիտակի շրջկոմի ղեկավար:

Լրացուցիչ նկարահանումներ տեղի կունենան ապրիլ-մայիսին: Ֆիլմը պատրաստ կլինի տարեվերջին, իսկ էկրաններ կբարձրանա 2018-ին:

Բոլոր զանգվածային տեսարանների մասնակիցների անունները կնշվեն տիտրերում:

2016-ի դեկտեմբերին էկրաններ բարձրացավ ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, որը նույնպես պատմում է Սպիտակի երկրաշարժի մասին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---