Գրավի առարկայի իրացման գործընթացը կհստակեցվի

Գրավի առարկայի իրացման գործընթացը կհստակեցվի

PanARMENIAN.Net - Գործող օրենսդրական կարգավորումները բանկերին և վարկային կազմակերպություններին գրավի իրացման կազմակերպման գործընթացում ընձեռում են հայեցողության բավականին լայն շրջանակ: Այս մասին գործադիրի մարտի 16-ի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ բռնագանձման ծանուցումը գրավատանը հանձնելուց հետո այդ գործընթացը սկսելու հստակ ժամկետ չկա:

Վարչապետի խոսքով, նշվածը խիստ մտահոգիչ է այն տեսանկյունից, որ այն դեպքերում, երբ գրավի առարկայի արժեքը գերազանցում է դրամով ապահոված պարտավորության չափը, բանկերը կամ վարկային կազմակերպությունները հնարավորություն ունեն և որոշ դեպքերում չեն իրացնում գրավի առարկան մինչև այն պահը, երբ պարտավորության խախտման հետևանքով հաշվեգրվող տուգանքների շնորհիվ վարկառուի պարտքի չափը կհավասարվի կամ նույնիսկ կգերազանցի համապատասխան գրավի առարկայի արժեքը։

«Այս իրավիճակը բացառելու նպատակով հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին մեկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն գրավի առարկայի իրացման գործընթացը հստակ ժամկետներում իրականացնելու և դրա խախտման դեպքում համապատասխան տուգանքների դադարեցման մեխանիզմների վերաբերյալ»,- նշել է Կարեն Կարապետյանը, գրում է Panorama.am-ը:

Գրավը քաղաքացիական իրավունքում պարտավորության կատարման ապահովման միջոց է՝ երաշխիք, որի դեպքում պարտատիրոջը հանձնվում է որոշակի գույք։ Պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու դեպքում պարտատերն իր պահանջը կարող է բավարարել գրավի առարկայի հաշվին։ Գրավի պայմանագիրը կնքվում է գրավոր, իսկ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նոտարական վավերացմամբ։ Եթե գրավի առարկան անշարժ գույք է, ապա գույքի նկատմամբ իրավունքը պետք է գրանցվի անշարժ գույքի գրանցման պետական ռեգիստրում։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---