Ջրային պետկոմիտեն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կգործակցեն. 560 համայնքում ջրի որակի ապահովման հարց կա

Ջրային պետկոմիտեն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կգործակցեն. 560 համայնքում ջրի որակի ապահովման հարց կա

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջնային է համարում հնարավոր արտակարգ իրավիճակների պայմաններում հասարակությանն անհրաժեշտ քանակի և որակի խմելու ջրով ապահովելու պատրաստության գնահատումն ու բարելավումը:

Այս մասին ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖԻ ջրի որակի և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման փորձագետ Զլատկո Սահադզիչը:

«Այս ծրագրի շրջանակներում մենք մեծապես կարևորում ենք Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համագործակցությունը և ակնկալում համապատասխան աջակցություն՝ կարիքների գնահատման և հետագա քայլերի հստակեցման առումով»,- ասել է Սահադզիչը:

ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը նշել է, որ ջրի որակի կիսամյակային ուսումնասիրություններ է իրականացնում նաև Առողջապահության նախարարությունը, որի արդյունքները նույնպես օգտագործվում են ջրի որակի վերահսկման նպատակով:

«Ջրի որակի բարելավմանն ուղղված աշխատանքներ իրականացվել են նաև նախկինում: Կարող եմ վստահեցնել, որ այդ առումով նկատելի առաջընթաց ունենք, սակայն դա չի նշանակում, որ խնդիրներն ամբողջությամբ վերացվել են: Մեզ համար այս պահին ամենախոցելի խնդիրը շարունակում է մնալ սպասարկման տարածքից դուրս գտնվող 560 համայնքում ջրի որակի ապահովման հարցը, քանի որ այդ համայնքները չեն սպասարկվում ո՛չ «Վեոլիա Ջուր» ընկերության, ո՛չ պետության կողմից»,- ասել է Ա. Հարությունյանը:

Ըստ նրա՝ ՁՏՊԿ առաջնային խնդիրներից մեկն էլ այս համայնքները սպասարկման տարածք դարձնելն է՝ ապահովելով պատշաճ ջրամատակարարում և ջրի որակ:

«Ակնհայտ է, որ երկու կառույցի համար խմելու ջրի որակի հետ կապված հարցերը առաջնահերթություն են: Ուզում եմ վստահեցնել, որ խմելու ջրի միասնական վարձակալ «Վեոլիա ջուր» ընկերության հետ կնքված պայմանագրում ջրի որակի մասին շատ հստակ ձևակերպումներ և պահանջներ կան: Սահմանված են ջրի որակի հետ կապված չափանիշները, որոնց ապահովումը վարձակալի հիմնական պարտավորություններից է: Գործելու է ջրի որակի պարբերական մոնիտորինգի համակարգ: Վարձակալը պետք է ունենա ջրի որակի մշտադիտարկման ծրագիր, որը գտնվելու է անկախ աուդիտորի հսկողության տակ»,- մանրամասնել է Հարությունյանը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պաշտոնապես դարձել է Հայաստանի Հանրապետության խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատորը առաջիկա 15 տարվա համար: Նոյեմբերի 21-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ստորագրվել է Հայաստանի խմելու ջրի համակարգի վարձակալության պայմանագիրը։ Ընկերությունն իր վարձակալական պարտավորությունների կատարմանը կանցնի 2017 թվականի հունվարի 1-ից:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---