ԿՀՎ-ի տնօրենը գաղտնի այցելել է Բաքու` Իրանի հարցում Ադրբեջանի դիրքորոշման փոփոխության հասնելու նպատակով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի վերջին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն գեներալ Մայքլ Հայդենը մեկօրյա այց է կատարել Ադրբեջան: «Ամերիկյան դիվանագիտությունը գերադասում է չխոսել այդ այցի մասին: Տեղի շատ փորձագետներ պնդում են, թե Հայդենի բանակցությունները ադրբեջանական ղեկավարության հետ, հավանաբար, կապված են եղել Ադրբեջանի հարավային հարեւանի` Իրանի հետ: Նախապես Հայդենի այցի մասին չի հաղորդվել, ավարտից հետո էլ քիչ բան հայտնի դարձավ: Այցը եղել է սեպտեմբերի 28-ին եւ ներառել է հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի հետ: Տեղեկացված աղբյուրների համաձայն, ԿՀՎ տնօրենը Բաքու է ժամանել սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան: Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, հղում անելով «ոչ պաշտոնական աղբյուրներին», Բաքվում գտնվելիս Հայդենը կանգ է առել քաղաքի կենտրոնի մասնավոր մի հյուրանոցում, որտեղ ձեռնարկվել են անվտանգության հատուկ միջոցներ, իսկ լքել է Բաքուն սեպտեմբերի 28-ի երեկոյան: Ամերիկյան դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հենիկը հաղորդել է EurasiaNet-ին, որ Հայդենը Ալիեւի եւ Մահմուդովի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության եւ միջազգային ահաբեկչության հետ կապված հարցեր: Ադրբեջանի պաշտոնական անձիք նույնպես հրաժարվել են լրացուցիչ տեղեկություններ հաղորդել զրույցների բնույթի եւ մանրամասների մասին:



Ադրբեջանի ԶԼՄ-ները եւ քաղաքական մեկնաբաններն արդեն վաղուց պնդում էին, թե ամերիկյան ուժերը կարող են օգտագործել Ադրբեջանն որպես հարթակ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության համար: ԱՄՆ կառավարությունն ինքը բազմիցս ժխտել է նման հնարավորությունը: Ադրբեջանի իշխանությունները շեշտել են, թե շահագրգռված չեն մասնակցել Իրանի դեմ ռազմական գործողությանը` որտեղ բնակչության մեծ մասն, ինչպես եւ Ադրբեջանում, շիաներ են, կապված սերտ մշակութային եւ կրոնական կապերով:



Քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը չի բացառում, որ Հայդենը Բաքու է այցելել «ծանոթացնելու համար ղեկավարությանն այն հետախուզական տվյալների հետ, որոնք կարող են փոխել Բաքվի դիրքորոշումը Իրանի հանդեպ ռազմական գործողության հարցում», գրում է EurasiaNet-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---