Գերմանիան կրճատում է սպառազինության արտահանումը Թուրքիա

Գերմանիան կրճատում է սպառազինության արտահանումը Թուրքիա

PanARMENIAN.Net - Գերմանիայի դաշնային կառավարությունը սկսել է ավելի հաճախ մերժել Թուրքիային զենքի վաճառքին առնչվող գործարքները: 2016-ի նոյեմբերից սկսած կառավարությունը մերժել է 11 այդպիսի գործարք:

2010-2015թթ. Գերմանիայի կառավարությունը Թուրքիա զենի արտահանման հետ կապված 8 գործարք է մերժել:

Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ ավելի զգուշավոր է դարձել Թուրքիային զենք վաճառելու հարցում, չնայած ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակից լինելու հանգամանքին: Պատճառը 2016-ի հուլիսի պետական հեղաշրջման անհաջող փորձն է և Թուրքիայի նախագահ Էրդողանի կոշտ գործողություններն իր քաղաքական ընդդիմադիրների դեմ, գրում է Deutsche Welle-ն Süddeutsche Zeitung-ի վրա հղումով:

«Հաշվի է առնվել, որ մարդու իրավունքները միշտ հատուկ նշանակություն ունեն սպառազինության արտահանման գործում», -ասվում է նախարարության պաշտոնական պատասխանում Բունդեսթագի պատգամավորի հարցմանը:

Սովորաբար Գերմանիայի կառավարությունը չի խոչընդոտում զենքի վաճառքին ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին, սակայն Թուրքիայի դեպքում հատուկ ուշադրություն է դարձվում «այն ռիսկին, որ զենքը կարող է կիրառվել ներքին հետապնդումների համար կամ քրդերի դեմ»:

2016թ. հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից հետո ընդհանուր առմամբ, հետաքննություն է հարուցվել 4.176 դատավորի և դատախազի դեմ, որոնցից 3.886-ը արդեն հեռացվել են աշխատանքից: Մյուսների վերաբերյալ հետաքննությունները դեռևս ընթացքի մեջ են: Պաշտոնական տվյալների համաձայն՝ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում, ընդհանուր առմամբ, բանտարկվել է 43.000 քաղաքացի, աշխատանքից հեռացվել՝ 100.000 պետական պաշտոնյա, որոնք մեղադրվում են գյուլենականների հետ կապ ունենալու մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---