Բուշի վարչակազմը կոչ է արել Թուրքիային քաղաքական գործողություններ չձեռնարկել ԱՄՆ-ի դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի վարչակազմը կոչ է արել Թուրքիային ձեռնպահ մնալ քաղաքական բնույթի «կոնկրետ» գործողություններից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունելու կապակցությամբ:



Ինչպես ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, «Ջորջ Բուշի վարչակազմը «ափսոսում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կոմիտեի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունելու վերաբերյալ որոշման համար եւ նախկինի պես դեմ է այդ փաստաթղթի ընդունմանը»:



«Վարչակազմը շարունակում է առարկել այդ բանաձեւին, որը հսկայական վնաս կհասցնի ամերիկա-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ ԱՄՆ շահերին Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում: Այդ բանաձեւի ընդունումը չի նպաստի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը եւ թուրքերի ու հայերի հաշտեցմանը 1915 թվականի սարսափելի իրադարձությունների հարցում:



ԱՄՆ-ն ճանաչում է հայ ժողովրդի սարսափելի տառապանքները, կապված Օսմանյան կայսրության վերջին տարիներին տեղի ունեցած զանգվածային սպանությունների եւ բռնագաղթի հետ: Մենք կողմ ենք, որ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին 1,5 մլն հայերի դեմ կատարված վայրագությունները դատապարտվեն, սակայն տվյալ բանաձեւը դա չի ապահովում»«-ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---