Թուրքիան մեղադրել է ամերիկացի օրենսդիրներին «անպատասխանատվության» մեջ

PanARMENIAN.Net - «Անընդունելի է մեղադրել թուրք ժողովրդին մի հանցագործության համար, որը նա չի կատարել: Մեր կառավարությունը կտրականապես դատապարտում է այդ բանաձեւը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կոմիտեի կողմից մի որոշման կայացումը, որը խախտում է ռազմավարական գործընկերությունը, բարեկամությունն եւ դաշնակիցների հարաբերությունները, անպատասխանատվություն է»,-ասվում է Թուրքիայի կառավարության ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի Կոմիտեի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման կապակցությամբ արված հայտարարության մեջ:



Հայտարարությունում նշվում է, որ «շատ պատմաբաններ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերին վերաբնակեցնելու մասին Օսմանյան կայսրության իշխանությունների որոշումը գնահատեցին որպես անվտանգության միջոց»: «Ներկայացուցիչների պալատի խնդիրը չէ պատմության խեղաթյուրումն ու վերանայումը: Այն դեպքում, երբ 2005 թվականին արված մեր առաջարկությունը համատեղ հայ-թուրքական, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ երրորդ կողմի մասնակցությամբ հանձնաժողով ստեղծելու մասին մնում է ուժի մեջ, այդ որոշման ընդունումը մեծ դժբախտություն է: Ի պատասխան մեր անկեղծ առաջարկությանը Հայաստանը, սկզբում գաղտնի, իսկ այնուհետեւ բացահայտորեն սատարեց բանաձեւի նախագծին: Մենք հիշում ենք դրա մասին եւ առանձնահատուկ նշում ենք դա»:



Փաստաթղթում հույս է հայտնվում, որ «Ներկայացուցիչների պալատի անդամները ռացիոնալ կվարվեն եւ նշվում է, որ պատմական պատասխանատվությունը կրում է այդ կառույցի ղեկավար Նենսի Փելոսին: Իր կողմից թուրքական կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի բանաձեւը չհաստատվի պալատում»,-հաղորդում է ԱՊԱ-ն:



Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը եւ, ըստ ԱՄՆ Սահմանադրության, ուղարկեց այն Ներկայացուցիչների պալատ վերջնական քվեարկության համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---