«Մոլորակի ժամ». Մարտի 25-ին ՀՀ-ում 1 ժամով շենքերի ու հուշարձանների լույսերը կանջատվեն

«Մոլորակի ժամ». Մարտի 25-ին ՀՀ-ում 1 ժամով շենքերի ու հուշարձանների լույսերը կանջատվեն

PanARMENIAN.Net - «Մոլորակի ժամն» ամբողջ աշխարհում կնշեն մարտի 25-ին՝ ժամը 20:30-21:30-ը։ ՀՀ բնապահպանության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Աշոտ Վարդևանյանը տեղեկացրել է, որ այս տարի ևս Հայաստանը միանում է նախաձեռնությանը՝ մեկ ժամով անջատելով մայրաքաղաքի և հանրապետության մի շարք այլ քաղաքների շենքերի ու խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների արտաքին ու փողոցային լուսավորությունը։

Նրա խոսքով, «Մոլորակի ժամը» համաշխարհային արշավի նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին ու շահագրգիռ այլ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն կարևոր բնապահպանական խնդիրների բարձրաձայնման։

Հայաստանում արշավի այս տարվա թեման է ընտրվել «Մաքուր Հայաստան»-ը, որի նպատակն է անցկացնել աղբի մաքրման համազգային արշավ, որին կներգրավվեն հասարակության լայն շերտեր, ինչպես նաև բազմաթիվ շահագրգիռ կառույցներ։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Արտաշես Բախշյանը տեղեկացրել է, որ ներկա պահին բոլոր աղբակույտերի, աղբավայրերի քարտեզագրում է կատարվում։

«Տավուշի մարզում քարտեզագրվել է 190 աղբավայր, որից 42-ը Նոյեմբերյանի շրջանում է, 33-ը՝ Դիլիջանի տարածքում։ Այս մարզում քարտեզագրումն ավարտվել է, գործընթացը շարունակվում է մյուս մարզերում։ Քարտեզագրումից հետո սկսվելու են սպասարկման, դասակարգման աշխատանքները, թե որը պետք է մաքրվի, որը հողածածկվի»,- ասել է Բախշյանը, գրում է Panorama.am-ը։

Նրա խոսքով, սրանք ժամանակավոր միջոցառումներ են և պետք է հասնեն նրան, որ ստեղծեն եվրոպական ստանդարտներով աղբավայրեր։

«Օրենսդրական դաշտը կարգավորելու խնդիր կա։ Չսահմանված վայրերում աղբ նետելու համար սահմանված են բավականին խիստ տուգանքներ, վարչական տույժեր (ֆիզիկական անձանց համար՝ 30-50 հազար դրամ, իրավաբանական անձանց՝ 100-200 հազար դրամ), սակայն չեն կիրառվում դրանք։ Օրինախախտներին բացահայտելու ուղղությամբ պետք է աշխատանքներ տանել, համագործակցությունը ոստիկանության և համայնքի ղեկավարների հետ պետք է շատ սերտ լինի»,- նշել է Բախշյանը։

Հանդիպմանը ներկա Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը նշել է, որ աղբահանության հետ կապված խնդիրները բացասական ազդեցություն են թողնում նաև երկրի զբոսաշրջության զարգացման վրա։

«Մոլորակի ժամ» համաշխարհային քարոզարշավն առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը. դրա հիմնական նպատակն էր` միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում: 2008թ-ին ամբողջ երկրագնդում ավելի քան 50 միլիոն մարդ մասնակցել էր այս միջոցառմանը: 2009թ-ին «Մոլորակի ժամ» ակցիային մասնակցել էր 1 մլրդ բնակչություն ավելի քան 4000 քաղաքներում: 2010թ-ին «Մոլորակի ժամ»-ը նպատակ ուներ ներգրավել ավելի քան 1 մլրդ բնակչություն աշխարհի 6000 քաղաքում:

Այս ակցիային Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը միացել է 2009-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---