13 հոկտեմբերի 2007 - 14:17 AMT
Հռոմում տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար
Հոկտեմբերի 10-ին Հռոմում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի օծման սրբազան արարողություն: Արարողությունը կատարեց Իտալիայի հայոց հոգեւոր հովվության հրավերով Հռոմ ժամանած Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Հուշակոթողը նվիրված էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակ տիար Արթուր Ասատրյանի կողմից: Բացման խոսքում Իտալիայի հայոց հոգեւոր հովիվ Տ. ԱռԷն վարդապետ Շահինյանը, իր երախտագիտությունը հայտնելով Իտալիայի Հանրապետության կառավարությանը եւ ժողովրդին` ընդգծեց. «Այս Խաչքարի տեղադրումն ու բացումը հավերժական քաղաքում խոսուն վկայությունն է հայ-իտալական բարեկամական հարաբերությունների»: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով ներկաներին` Սրբազան Հայրը մասնավորապես նկատեց. «Մի անձի սպանությունը համարվում է ոճրագործություն, իսկ մի ժողովրդի սպանդը դառնում է վիճաբանության առարկա»: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը, Իտալիայի կառավարության ներկայացուցիչներ, Լեւոնյան վարժարանի տեսուչ Հովսեփ ծ. վարդապետ Քելեքյանը եւ բազմաթիվ հայորդիներ, հաղորդում է Սբ.Էջմիածնի մամլո ծառայությունը: