Սահակյան․ Պարտություն կրելով ռազմի դաշտում՝ Բաքուն չի հրաժարվել իր զավթողական ծրագրերից

Սահակյան․ Պարտություն կրելով ռազմի դաշտում՝ Բաքուն չի հրաժարվել իր զավթողական ծրագրերից

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ:

«Մեկ տարի առաջ` ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ամբողջ երկարությամբ:

Պաշտոնական Բաքուն կրկին փորձեց ուժի միջոցով լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, կործանել Արցախի անկախ պետականությունը, նոր ցեղասպանություն իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ: Թշնամու ագրեսիան լիակատար ձևով ձախողվեց, և նա կրեց մեծ մարդկային, նյութական ու բարոյական կորուստներ՝ չկարողանալով կյանքի կոչել իր նենգ ծրագրերից և ոչ մեկը», - ասված է ուղերձում:

Նրա խոսքով, պարտություն կրելով ռազմի դաշտում՝ Ադրբեջանը չի հրաժարվել իր զավթողական ծրագրերից: Նա շարունակում է վարել հայատյաց քաղաքականություն, չի դադարում իրականացնել հարձակողական գործողություններ քաղաքական, տեղեկատվական, դիվանագիտական հարթություններում, գրեթե ամեն օր խախտում է զինադադարի ռեժիմը մեր սահմանների տարբեր հատվածներում: Նրա ղեկավարությունը չի թաքցնում, որ հետամուտ է ռևանշիստական քաղաքականությանը:

Սահակյանը նշում է, որ հակառակորդն առերեսվել է Արցախի Հանրապետության մարտունակ զինված ուժերի, մեկ բանակ դարձած մեր բնակչության, Արցախի կողքին անմիջապես կանգնած ողջ հայ ժողովրդի, Մայր Հայաստանի և սփյուռքի հետ:

«Հայ ժողովուրդը կրկին ապացուցեց, որ իր համար ամենաթանկն անկախ և ազատ հայրենիքն է, որը մենք ի վիճակի ենք հերոսաբար պաշտպանել ցանկացած ոտնձգությունից:

Ցավոք, հակառակորդի ստոր և սադրիչ գործողությունների հետևանքով ունեցանք անդառնալի կորուստներ: Զոհվեցին տասնյակ զինծառայողներ, նահատակվեցին նաև խաղաղ բնակիչներ: Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր մարտիրոսներին: Նրանց պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, նրանց խիզախությունն ու սխրանքը ուղենիշ կհանդիսանան գալիք սերունդների համար», - ասել է Արցախի նախագահը:

«Այսպիսի պահվածքը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն, ցեղասպան քաղաքականության հերթական հրեշավոր ու անմարդկային դրսևորում:

Այս ամենը մեկ անգամ ևս հաստատում է մեր ժողովրդի համար դարավոր մի ճշմարտություն. մենք պետք է միշտ լինենք ուժեղ ու միասնական, ազգովի պաշտպանենք մեր ազատությունն ու անկախությունը և կերտենք արժանապատիվ ապագա գալիք սերունդների համար:

Մեր ոգին ամուր է, կամքը` անկոտրում, նպատակներն` արդար: Մենք պաշտպանում ենք մեր հայրենի հողը, մեր տունն ու ընտանիքը, քրտնաջան աշխատանքով շենացնում ենք մեր երկիրը: Դա սրբազան առաքելություն է, որը մեր ժողովուրդը միշտ էլ պատվով կիրականացնի», - ասել է Սահակյանը։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:

Մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ են մեկնել հազարավոր կամավորներ: Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---