Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Սամվել Բաբայանի բողոքը

Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Սամվել Բաբայանի բողոքը

PanARMENIAN.Net - Քրեական գործերով Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբանի վերաքննիչ բողոքը՝ Բաբայանի կալանավորումը անհիմն համարելու մասին։

Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանն ասել է, որ Վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել է իրենց բողոքը, սակայն նիստի օրվա և ժամի մասին ծանուցում դեռ չունեն, հայտնում է Aysor.am-ը:

«Սպասում ենք», - ասել է փաստաբանը։

Ավելի վաղ փաստաբանն ասել էր, որ Վերաքննիչ դատարանին ներկայացրած բողոքում պնդել է, որ Սամվել Բաբայանին կալանավորելու համար չկան հիմնավոր կասկածներ, և առաջին ատյանի ընդունած որոշումն անհիմն է։

Ավելի վաղ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործն առայժմ իրավական հարթության մեջ է: «Առայժմ խնդիրը իրավական հարթության մեջ է: Ես չեմ գտնում, որ սա քաղաքական ենթատեքստ ունի», - ասել էր Քալաշյանը:

Սամվել Բաբայանը ձերբակալվել է մարտի 22-ին: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ, մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը. «Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»։

Դատարանի որոշմամբ կալանավորվել է մարտի 24-ին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի և 235.1. հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդմամբ, թեև հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձինք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում նրանք, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ:

Կարդացեք նաև՝ Գեներալ առանց բանակի. Ինչով էր զբաղվում «Իժոն» պատերազմից հետո

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---