Կոնգրեսի խորհրդատվական բանաձեւերը «խաղ են կրակի հետ», գտնում են Վաշինգտոնում

PanARMENIAN.Net - «Կոնգրեսը կարող է օգտագործել խորհրդատվական բանաձեւերը որպես առաջին քայլ օրենքներ պատրաստելու գործընթացում: Խորհրդատվական բանաձեւերը մի քանի նպատակ են հետապնդում: Նրանց օգնությամբ Կոնգրեսը կարող է «ուղղակի իր դիրքորոշումը» հայտնել այս կամ այն հարցի շուրջ, պատասխանել ընտրողների հարցապնդումներին կամ ճնշում գործադրել Սպիտակ տան վրա մի որոշակի ոլորտում»,-գտնում է Ջեքսոն Դիլը` «The Washingtwn Post»,-ի խմբագրի տեղակալը:



Նրա խոսքերով, Կոնգրեսը հանգամանքներից ելնելով օգտվում է մի քանի տիպի բանաձեւերից: Կոնգրեսի պալատներից մեկի կողմից ընդունվող բանաձեւում կարող է նախատեսվել համատեղ կոմիտեների ստեղծում, արտոնվել Կոնգրեսի փաստաթղթերի հրատարակումը կամ կարող է հաստատվել աշխատանքում ընդմիջում հայտարարելու ամսաթիվը: Նման բանաձեւերը կարող են նաեւ Կոնգրեսի կարծիքն արտահայտել արտաքին եւ ներքին քաղաքականության հարցերի վերաբերյալ: Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր պատմաբան Ալան Լիխտմանն ասում է, թե խորհրդատվական բանաձեւը, որոնց թվին է դասվում նաեւ հարյուր տարի առաջ հայերի հանդեպ գործադրած բռնությանը վերաբերող բանաձեւը, չի փոխում ԱՄՆ քաղաքականությունը, «քանի որ այն օրենքի ուժ չունի»:



Նորման Օրնստինը, որը հետազոտական աշխատանքով է զբաղվում Վաշինգտոնի Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտում, նշել է, որ Կոնգրեսն օգտագործում է խորհրդատվական բանաձեւերը, հուսալով, որ դրանք «բավականաչափ ազդեցություն կունենան հասարակական կարծիքի վրա` քաղաքականությանն ազդելու համար»: «Նման բանաձեւերի խորհրդանշական բնույթն անիմաստ չէ: Հայաստանի մասին բանաձեւը մի պարզ եւ հասանելի միջոց էր, որը թույլ տվեց կոնգրեսականներին իրենց համերաշխությունը հայտնել հայ ժողովրդին, հատկապես հայկական ծագում ունեցող ամերիկացիներին»,-ընդգծել է Օրնստինը: Նա նաեւ նշել է, որ այդ բանաձեւը «վաղուց էր հասունանում», քանի որ ԱՄՆ-ում բնակվում է հայկական արմատներ ունեցող մի ստվար խումբ:



«Հայկական ծագումով ամերիկացիները չափազանց հարուստ եւ իրենց շահերը համոզիչ կերպով արտահայտող խումբ է, եւ նրանք շատ զգացմունքային են վերաբերում Օսմանյան կայսրության տարիներին իրենց հայրենակիցների ոչնչացման թեմային: Կոնգրեսականներից շատերը գտնում են, որ 1915 թվականին հայերը դարձան անասելի չարագործությունների զոհ: Գիտակցելով, որ խորհրդատվական բանաձեւն ընդամենը խորհրդանշական բնույթ է կրում, Կոնգրեսի անդամներն այնուամենայնիվ որոշեցին դիմել այդ քայլին»,-ընդգծել է նա:



Սակայն, Օրնստինի խոսքերով, խորհրդանշական բնույթը վերածվեց հսկայական արտաքին քաղաքական հետեւանքներով մի չափազանց լուրջ գործի, եւ բանաձեւը սկսեց կորցնել աջակցությունը Կոնգրեսում: Ինչպես նշել է Օրնստինը, պարզ է, որ Կոնգրեսի անդամները սկսում են ընկալել այն գաղափարը, որ այդ հարցի վիճահարույց լինելու պատճառով, Հայաստանի վերաբերյալ բանաձեւ ընդունելը կնշանակի «կրակի հետ խաղ անել»,-հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Միջազգային տեղեկատվական ծրագրերի բյուրոն:



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին: Պալատում քվեարկության օրը դեռեւս որոշված չէ: Մինչդեռ, կոնգրեսականների մի մասը Թուրքիայի ճնշման տակ ետ են կանչել բանաձեւի օգտին դրված իրենց ստորագրությունները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---