10 ապրիլի 2017 - 14:06 AMT
Ոստիկանություն. Ստոկհոլմի ահաբեկիչը կապված է եղել ԻՊ հետ

Ստոկհոլմում ահաբեկչության իրականացման համար կասկածվող Ուզբեկստանի 39-ամյա քաղաքացի Ռահմատ Ակիլովը գործել է ըստ «Իսլամական պետության» հրահանգի:

«Մենք գիտենք, որ նա համակրել է ծայրահեղական խմբավորումներին, այդ թվում ԻՊ-ին»,-հայտարարել է Շվեդիայի ոստիկանապետ Յոնաս Հայզինգը, գրումէ Lenta.ru-ն Aftonbladet-ի վրա հղումով:

Ըստ նրա, Ակիլովի վարած բեռնատարում հայտնաբերվել են տարբեր քիմիական նյութեր, ինչպես նաև վառելանյութ և տարրեր, որոնք կարող էին օգտագործվել պայթուցիկ սարքելու համար:

Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ խուզարկության ժամանակ Ստոկհոլմի բնակարաններից մեկում, որտեղ թաքնվել է Ակիլովը, ստացվել է մոտ 70 «թվային ապացույց»:

2014-ի Ակիլովն ապաստան է խնդրել Շվեդիայում: 2016-ի դեկտեմբերին նրան մերժել են և հրահանգել հեռանալ երկրից 4 շաբաթվա ընթացքում: Սակայն Ակիլովը թաքնվել է և հետախուզման մեջ էր:

Ապրիլի 7-ին Ստոկհոլմում բեռնատարը Ahlens Mall կենտրոնի հարևանությամբ մխրճվել է ամբոխի մեջ: Ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել միջադեպի մասին տեղական ժամանակով 14:53-ին: Շվեդիայի վարչապետը ապրիլի 7-ին տեղի ունեցածը որակել է ահաբեկչական ակտ: Հարձակման զոհ է դարձել չորս մարդ, ավելի քան 10 մարդ տուժել է: