ՄԻՊ-ը զեկույց կհրապարակի ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ. Յուրաքանչյուր դեպք հստակ վերլուծված է

ՄԻՊ-ը զեկույց կհրապարակի ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ. Յուրաքանչյուր դեպք հստակ վերլուծված է

PanARMENIAN.Net - ՄԻՊ-ն առաջիկայում զեկույց կհրապարակի 2016-ի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների վերաբերյալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ զեկույցում քարտեզներով ներկայացված են այն վայրերը, որտեղ ոստիկանները բռնություն են կիրառել ԶԼՄ ներկայացուցիչների և ակտիվիստների նկատմամբ: Թաթոյանը նշել է, որ զեկույցի համար հիմք են ծառայել նաև մի շարք հրապարակումներ ու սոցցանցային գրառումներ, հայտնում է Aysor.am-ը:

«Զեկույցն ավելի վաղ չհրապարակվեց՝ հաշվի առնելով նախընտրական քարոզչությունը: Զեկույցում յուրաքանչյուր դեպք հստակ վերլուծված է: Հստակ արձանագրված է հատուկ միջոցների կիրառության հարցը, ինչն օրենքի խախտում էր: Վերլուծվում են լրագրողների հանդեպ թույլ տրված բռնությունները», - ասել է Թաթոյանը:

Նա ընդգծել է, որ զեկույցում հստակ քննադատվում է լրագրողներին բերման ենթարկելու պրակտիկան, երբ փորձ է արվում քրգործով վարույթի ընթացքում լրագրողին դարձնել վկա:

Թաթոյանն ընդգծել է, որ անթույլատրելի է համարում նաև սպանված ոստիկանների օրինակով հասարակության շրջանում ատելության քարոզումը:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև հուլիսի 26-ի երթին. «Եթե երթը խաղաղ նպատակ ուներ, ապա ինչու էր ընթանում Սարի թաղում՝ գիշերով, կիսամութ փողոցներով: Հարց է բարձրացվում, որ այդպիսով անհամաչափ կերպով անհարմարություններ էին պատճառվելու բնակիչներին»:

2016-ի հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---