Գերմանիայում կոչ են արել չեղարկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները

Գերմանիայում կոչ են արել չեղարկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները

PanARMENIAN.Net - Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեից հետո, որով նախատեսվում է անցում նախագահական կառավարման, առաջատար գերմանական կուսակցությունների ղեկավարները պահանջել են չեղարկել ԵՄ-ին Անկարայի անդամակցության շուրջ բանակցությունները:

Քրիստոնյա-դեմոկրատական միության փոխնախագահ Մանֆրեդ Վեբերը հայտարարել է, որ Թուրքիայի լիիրավ անդամակցումը ԵՄ-ին «այլևս չի կարող բանակցությունների նպատակ լինել»:

Վեբերը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու հեռանկարը բնութագրել է որպես ինքնախաբեություն, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ նրա, ԵՄ-ին այդ երկրի անդամակցության հարցը պետք է հանվի օրակարգից: Ակնկալվում է, որ ԵՄ երկրների ղեկավարները մայիսին կայանալիք գագաթնաժողովում կհայտարարեն Թուրքիայի հետ հարաբերությունների վերանայման մասին: ԳԴՀ կառավարությունը դեռևս ձեռնպահ է մնում մեկնաբանություններից:

Ավելի վաղ, ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի կապակցությամբ, Թուրքիան Բրյուսելից 4,8 մլրդ եվրո է ստացել, և ըստ ծրագրերի, ևս 4,45 մլրդ եվրո պետք է ստանա մինչև 2020թ.:

Բացի այդ, Ձախակողմյանների և «Կանաչների» կուսակցությունների առաջնորդներ Սարա Վագենկնհեթն ու Ջեմ Օզդեմիրը պահանջել են վերանայել նաև ռազմական գործակցությունը Թուրքիայի հետ:

Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեի նախնական արդյունքներով՝ քվեաթերթիկների 99.9%-ի հաշվարկից հետո, աննշան առավելություն են գրացնել Սահմանադրության փոփոխության կողմնակիցները՝ խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցները կազմել են քվեարկությանը մասնակցածների 51.2%-ը: Սա 1.25 մլն-ով ավելի է Սահմանադրության փոփոխությանը դեմ քվեարկածներից: Հաղորդվում է, որ վերջնական արդյունքները կհրապարակվեն 10-12 օր անց:

Արտերկրում գործող ընտրատեղամասերում, որտեղ քվերակել են Թուրքիայի քաղաքացիները, նախագահական համակարգի կողմնակիցները հաղթել են Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հոլանդիայում, իսկ հակառակորդները՝ ՌԴ-ում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---