Քաղաքապետարանը՝ Փաշինյանին. Երևանում ասֆալտապատումը քաոտիկ չի կատարվում

Քաղաքապետարանը՝ Փաշինյանին. Երևանում ասֆալտապատումը քաոտիկ չի կատարվում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ կապված քաղաքապետարանը ուղեցույց է հրապարակել, որում տեղեկացվում է, թե մինչև ասֆալտապատման աշխատանքների մեկնարկը, նախ գույքագրվում են փողոցների վերանորոգման կարիք ունեցող հատվածները, սխեմատիկ նշումներ են կատարվում տվյալ փողոցների հատակագծերի վրա, որից հետո միայն ձեռնարկվում են փողոցների վնասված հատվածների վերանորոգման նախապատրաստական աշխատանքները:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին այցելել է Մաշտոցի պողոտա՝ բարձրաձայնելով ասֆալտապատման նպատակով կտրտած ասֆալտի խնդիրը, ինչի պատճառով պողոտան գրեթե անընդհատ խցանված է լինում։

Նշվում է, որ շրջանառության մեջ դրվող այն կարծիքը, թե ասֆալտբետոնե ծածկի կտրման աշխատանքներն արվում են քաոտիկ եղանակով, չի համապատասխանում իրականությանը:

Վերը նշվածից հետո միայն սկիզբ է առնում ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքները: Այս փուլը՝ կախված փողոցի վերանորոգվող ծավալից, վիճակից և տվյալ փողոցի տրանսպորտային բեռնվածությունից, կարող է տևել մի քանի օր, ընդ որում, մասնավորապես գերբեռնված երթևեկով փողոցների դեպքում տվյալ աշխատանքները կազմակերպվում են հատված առ հատված՝ քաղաքի երթևեկությունը չպարալիզացնելու նկատառումից ելնելով:

Քաղաքապետարանը նաև տեղեկացնում է, որ այնուհետ կտրված հատվածները փոշեմաքրվում են, որից հետո բիտումապատվում՝ այն նախապատրաստելով ասֆալտապատման բուն աշխատանքների իրականացմանը:

Ինչ վերաբերում է կոնկրետ Մաշտոցի պողոտային, որը Երևանի գլխավոր մայրուղիներից է և համարվում է մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերով ամենածանրաբեռնված փողոցներից մեկը և այդտեղ վերոնշյալ աշխատանքների կազմակերպումը հնարավոր է բացառապես գիշերային ժամերին, ապա քաղաքապետարանը տեղեկացնում է, որ վերը նշված գործընթացի ողջ հաջորդականությունը պահպանելով, այն ավարտին կհասցվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---