Համահայկական նվագախումբը ապրիլի 24-ին կկատարի Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունը

Համահայկական նվագախումբը ապրիլի 24-ին կկատարի Տիգրան Մանսուրյանի  նոր ստեղծագործությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Համահայկական նվագախմբի առաջին ելույթը: Հատուկ այս նախագծի համար ՀՀ մշակույթի նախարարության պատվերով համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը գրել է նոր ստեղծագործություն՝ «Պոեմ հաղթանակի»:

Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ով նաև Համահայկական նվագախմբի դիրիժորներից է, ասել է , որ Տիգրան Մանսուրյանը գրել է մեծ ստեղծագործություն՝ սիմֆոնիկ նվագախմբով, երկու երգչախմբով, որպես մենակատար հանդես է գալու համաշխարհային մեծ ճանաչում ունեցող Լիպարտ Ավետիսյանը:

«Այն հերոսական և կամքի կոչ անող ստեղծագործությունը է»,- նշել է Թոփչյանը, գրում է Panorama.am-ը:

Բացի Մանսուրյանի ստեղծագործությունից, ծրագրում ներառված են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ավետ Տերտերյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Բարսեղ Կանաչյանի, Ղազարոս Սարյանի, Երվանդ Երկանյանի ստեղծագործություններից:

Նախագծին մասնակցում է աշխարհի 20 երկրից մոտ 90 հայ պրոֆեսիոնալ երաժիշտ: Համահայկական նվագախմբի հետ հանդես կգան համաշխարհային մեծ ճանաչում ունեցող հայ մենակատարներ Հասմիկ Պապյանը, Հասմիկ Թորոսյանը, Լիպարիտ Ավետիսյանը, ինչպես նաև կրտսեր սերնդի երաժիշտներ Դիանա Ադամյանը և Դանիել Մելքոնյանը: Կմասնակցեն Հայաստանի ազգային ակադեմիական (գեղ. ղեկավար և գլխավոր խմբավար Հովհաննես Չեքիջյան) և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի (գեղ. ղեկավար Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան) երգչախմբերը:

Նվագախմբում ներառվել են երաժիշտներ աշխարհի հայտնի նվագախմբերից՝ Մեծ թատրոն, Նուրենբուրգի սիմֆոնիկ, Չայկովսկու սիմֆոնիկ, Բելգիայի ազգային, Վալենսիայի սիֆոնիկ, Տոկիոյի Իլլյումինարթ ֆիլհարմոնիկ, Դամասկոսի սիմֆոնիկ, La Monnaie սիմֆոնիկ և այլն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---