Զախարովան «գռեհիկ» է անվանել ադրբեջանցի լրագրողների հոդվածները

Զախարովան «գռեհիկ» է անվանել ադրբեջանցի լրագրողների հոդվածները

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում իր վրդովմունքն է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակումների վերաբերյալ: Հրապարակումներն ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքն են Զախարովայի տեղակալ Արտյոմ Կոժինի մեկնաբանությանն Արցախում ձերբակալված և պատիժը կրող ադրբեջանցի դիվերսանտ Դիլհեմ Ասկերովի վերաբերյալ, որը նաև ՌԴ քաղաքացի է:

«Ես կարդացել եմ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածները: Դրանք ոչ թե վերլուծություն են կամ քննադատություն, այլ ուղղակի գռեհիկ նյութեր են: Եվ դրանից հետո խնդրո՞ւմ եք, որ ավելի մանրամասն տեղեկություններ ներկայացնեմ: Այդպիսի հոդվածներից հետո նույնիսկ շփվելու ցանկություն չկա, անկեղծ ասած: Մենք բաց ենք ԶԼՄ-ների համար, սակայն ոչ ոք թույլ չի տալիս գռեհիկ արտահայտվել»,-ասել է Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչ ջանքեր է գործադրում ՌԴ ԱԳՆ-ն Դիլհեմ Ասկերովին ազատելու համար:

«Դա լրագրողական աշխատանք չէ: Դա գռեհիկություն է: Չեմ կարող այլ կերպ բնութագրել: Մի բան է տեղեկացնել սեփական հանրությանը, այլ բան՝ մշտապես խնդրահարույց հարցերն օգտագործել երկու ժողովրդների և երկրների միջև հակակրանք բորբոքելու համար: Սակայն, դա նրանց չի հաջողվի: ...Անհասկանալի է, թե ինչու են լրագրողներն ուզում վնասել երկկողմ հարաբերություններին: Պետք է նրանց հարցնել, արդյոք դա օգուտ է բերում հենց Ադրբեջանին»,-ասել է Զախարովան:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հորդորել էր Բաքվին դադարեցնել քարոզչական աղմուկը ՌԴ քաղաքացի Դիլհամ Ասկերովի գործի շուրջ, որին 2014-ի դեկտեմբերին Արցախում ցմահ ազատազրկման են դատապարտել: Ի պատասխան ադրբեջանական ԶԼՄ-ների այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն միջոցներ ձեռնարկում է պաշտպանելու համար ՌԴ քաղաքացի Ասկերովին, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ «զգացված է ադրբեջանական ԶԼՄ-ների չթուլացող ուշադրությունից» և հավաստիացրել, որ ՌԴ ԱԳՆ-ն հետևողականորեն պաշտպանում է իր բոլոր քաղաքացիների իրավունքներն անկախ ազգությունից:

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների վճիռներով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:

Ադրբեջանցի դիվերսանետներ Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևը և Հասան Հասանովը Լեռնային Ղարաբաղի տարածք էին ներթափանցել հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ ձեռնարկած հետախուզադիվերսիոն փորձի արդյունքում, որը կասեցվել էր: Դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ զոհվել էր հայ սպա և վիրավորվել մեկ կին: Դիվերսանտները սպանել էին նաև Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Ցականյանին:

Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման գործողությունը, որի արդյունքում դիվերսանտ Հասան Հասանովը սանվել էր: Նրա դին ԼՂՀ իշխանությունները հոկտեմբերի 2-ին հանձնել են ադրբեջանական կողմին:Ադրբեջանական կողմը մշտապես փորձել է դիվերսանտներին փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել:

 Ուշագրավ
Առնվազն 10 մարդ է տուժել, Յասուջ և Սիսեհթ քաղաքներում կան ավերածություններ
Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա
2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով