Պաշտպան. Պերմյակովը, հնարավոր է, պատիժը կրի ՌԴ-ում

Պաշտպան. Պերմյակովը, հնարավոր է, պատիժը կրի ՌԴ-ում

PanARMENIAN.Net - Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, հնարավոր է, պատիժը կրի Ռուսաստանում: Մոտ օրերս համապատասխան որոշում կկայացվի:

«Ես զուտ տեսականորեն ասում եմ, որ հնարավոր է, Վալերի Պերմյակովը տեղափոխվի Ռուսաստան: Կոնկրետ որևէ տվյալ չկա, ասում եմ՝ զուտ հաշվի առնելով այն փաստը, որ ինքը եղել է Ռուսաստանի դատապարտյալ, երբ որ գործը մտել է դատարան», - ասել է Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը, գրում է Aysor.am-ը։

Պաշտպանի խոսքով, իրեն հասած տեղեկություններով, տուժողների վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։

«Իսկ դա նշանակում է, որ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, այսինքն՝ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն արդեն վերջնականապես պետք է որոշի Պերմյակովի պատիժը կրելու հարցը», - ասել է հանրային պաշտպանը։

Նա նաև նշել է, որ որևէ տեղեկություն չունի Ռուսաստանում դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին՝ Պերմյակովի հետ փոխանակելու՝ մամուլում շրջանառվող լուրերի մասին:

Այդ մասին լուրերը հերքեցին ՀՀ արդարադատության նախարարությունից:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունեց իր կատարած հանցանքը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը 2016-ի օգոստոսի 23-ի նիստում մեղավոր է ճանաչել Պերմյակովին և որոշում է կայացրել նրան դատապարտել ցմահ ազատազրկման։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---