3 մայիսի 2017 - 11:17 AMT
«Խոստումի» նկարահանումներին Անժելա Սարաֆյանին ու Օսկար Այզեքին իրականում պսակադրել են

Դերասանուհի Անժելա Սարաֆյանը Instagram-ի իր էջում որոշ՝ մինչև այժմ անհայտ փաստեր է ներկայացրել օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի նկարահանումներից:

Ֆիլմում Անժելա Սարաֆյանը մարմնավորել է Մարալի կերպարը։

Պարզվում է՝ ֆիլմի նկարահանումների ժամանակ նրան և Միքայելին մարմնավորող Օսկար Այզեքին Իսպանիայում իրականում պսակադարել են։ Դերասանուհին ֆիլմից կադրեր է հրապարակել և գրել.

«Քահանան իրական էր, որը Հայաստանից էր եկել Իսպանիա։ էջմիածնում՝ Հայաստանի ամենահին քաղաքներից մեկում, երեք քույր եկեղեցի կա, դրանցից մեկում է նա ձեռնադրվել։ Նկարահանումների ժամանակ նա մեզ իրականում ամուսնացրեց՝ իրական հայկական աղոթքով, որը նրանք հնչեցնում են ցանկացած հայկական ավանդական հարսանիքի ժամանակ։ Այդ աղոթքները կարդում էին դեռևս 1915 թվականին, և դրանք կան մինչ օրս։ Ի վերջո, քահանան ասաց մեզ. «Ես պետք է ձեզ բաժանեմ, քանի որ Աստծո առաջ դուք ամուսնացած եք»: Հետո մենք անցանք նկարահանումներին, և նա այդպես էլ մեզ չբաժանեց»։

Թերի Ջորջի ֆիլմի սյուժեն հիմնված է երիտասարդ բժիշկ Միքայել Պողոսյանի (Օսկար Այզեք), նկարչուհի Աննա Կեսարյանի (Շարլոտտա լե Բոն) և ամերիկացի լրագրող Քրիս Մայերսի (Քրիստիան Բեյլ) սիրո պատմության վրա: Սիրային պատմությունը զարգանում է հայ բնակչության բռնագաղթի և Հայոց ցեղասպանության ֆոնին:

Կարդացեք նաև՝ Հեղինակավոր ԶԼՄ-ները «Խոստումի» մասին. Ոգեշնչող պատում կամ անհամ մելոդրամա