Կիևում կայացել է Արծվիկի մրցութային երկրորդ փորձը (վիդեո)

Կիևում կայացել է Արծվիկի մրցութային երկրորդ փորձը

PanARMENIAN.Net - Կիևում մայիսի 5-ին կայացել է «Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի մրցութային երկրորդ փորձը: Ի տարբերություն առաջինի, այսօր արդեն հայտնի են բեմականացման որոշակի մանրամասներ և հնարավոր է ներկայացնել դրանցում օգտագործված խորհրդանիշները:

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա կներկայացվեն հայկական զարդարվեստն ու թռչնապատկերները` ժամանակակից կատարմամբ, հին զարդանախշները` նորաձև գունային լուծումներով` խորհրդանշելով Արծվիկի անվան նշանակությունն ու մրցութային երգի վերնագիրը, որը թարգմանաբար նշանակում է «Ճախրիր ինձ հետ»:

Հայկական զարդարվեստը հայի ազգային ինքնության ամենավառ արտահայտություններից մեկն է: Լինելով արևմուտքի և արևելքի միջև դարեր շարունակ ընթացող երկխոսության վկան՝ հայկական զարդարվեստը այդ երկու մեծ մշակույթների կրողն է և կներկայացվի եվրատեսիլյան բեմից:

Արծվիկի հետ բեմում կլինեն երկու պարուհիներ, որոնք պարային բեմականացման ընթացքում կկրեն հայկական արծաթյա զարդեր և ձեռքերի յուրահատուկ շարժմամբ կփորձեն ներկայացնել թռչնի շարժում: Խոստացված թռիչքին հնարավոր կլինի հետևել մայիսի 9-ին մրցույթի հեռարձակման ընթացքում: Արծվիկի հետ նույն բեմում կլինեն նաև երեք բեք վոկալիստներ:

Արծվիկը փորձից հետո հանդիպել է մրցույթը լուսաբանող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հետաքրքրող բոլոր հարցերին:

«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան պատվիրակի եվրատեսիլյան առաջին փորձը լավագույնն էր ճանաչվել մրցույթը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների կողմից և արժանացել էր 100 առավելագույն միավորի:

«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո:

Ընթերցեք նաև. Բուքմեյքերներ. Արծվիկը «Եվրատեսիլի» ֆավորիտների հնգյակում է

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---