Սահակաշվիլին առաջարկել է նախագահական ընտրությունները Վրաստանում անցկացնել ոչ թե 2008 թվականի աշնանը, այլ հունվարի 5-ին

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իր պաշտոնանկությունը պահանջող ընդդիմությանն ինքը տալիս է ռեւանշի հնարավորություն: Հանդես գալով ժողովրդին ուղղված հերթական ուղերձով` նա առաջարկել է նախագահական ընտրությունները Վրաստանում անցկացնել ոչ թե 2008 թվականի աշնանը, այլ հունվարի 5-ին, այսինքն մոտավորապես երկու ամիս անց:



Ըստ նրա, քվեարկությունը կկայանա 2008 թվականի հունվարի 5-ին: Հայտարարությունից կարելի է այն եզրակացության գալ, որ նա չի հրաժարվում նախագահի աթոռից եւ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը: «Ես ցանկանում եմ լինել ժողովրդի ընտրյալը, սակայն թող ժողովուրդն ինքը որոշի»,-ասել է Սահակաշվիլին: Ավարտին նա կոչ է արել միջազգային կազմակերպություններին «որքան հնարավոր է շատ դիտորդներ գործուղել» Վրաստանում կայանալիք ընտրություններին:



Մ.Սահակաշվիլին առաջարկել է ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնել խորհրդարանական ընտրությունների ժամկետի վերաբերյալ: Հիշեցնենք, որ բողոքի վերջին գործողությունների ժամանակ, որոնք իշխանությունները ցրեցին, ընդդիմությունը պահանջում էր քվեարկությունը 2008 թվականի գարնանից տեղափոխել նույն թվականի աշուն: Սակայն իշխանությունները մինչ այժմ հրաժարվում էին գնալ զիջումների:



Դեռեւս մի քանի օր առաջ, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, նախագահը հայտարարեց, թե ընտրությունները կկայանան նշանակված ժամկետում: Դրան հետեւող իրադարձությունները, հավանաբար, այնուամենայնիվ ստիպեցին նրան փոխել իր տեսակետը, հաղորդում է Լենտա.ռու-ն:



Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան Մ.Սահակաշվիլին ստորագրեց հրամանագիր Թբիլիսիում արտակարգ դրություն մտցնելու մասին: Երկրի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի խոսքերով, դա արվել է «հեղաշրջման փորձի» պատճառով: «Հռչակագրով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում ցույցերի եւ հանրահավաքների անցկացման, ինչպես նաեւ ԶԼՄ-ներում բռնության, իշխանափոխության եւ անկարգությունների կազմակերպման եւ բռնի ուժով իշխանության տապալման համար»,-ասել է վարչապետը: Լույս հինգշաբթվա գիշերը արտակարգ դրության ռեժիմը, որը սկզբնական շրջանում մտցվել էր միայն Թբիլիսիում, տարածվեց Վրաստանի ողջ տարածքով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---