Նոյեմբերի 22-ին Սահակաշվիլին կթողնի իր պաշտոնը, Վրաստանի նախագահի պարտականությունները կկատարի Նինո Բուրջանաձեն

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին ըստ սահմանադրության պետք է իր պաշտոնը թողնի նոյեմբերի 22-ին` հունվարի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններից 45 օր առաջ: Մինչ քվեարկությունը պետության ղեկավարի պարտականությունները կկատարի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն` պետության երկրորդ դեմքը: Այդ մասին այսօր հաղորդել է խորհրդարանի փոխխոսնակ, երկրում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը` Միխաիլ Մաչավարիանին: Բուրջանաձեն արդեն երկրորդ անգամ կկատարի պետության ղեկավարի պարտականությունները: Սահակաշվիլու որոշումը նախագահական ընտրությունները 2008 թվականի աշնանից հունվար տեղափոխելու մասին դեռեւս պետք է հաստատվի խորհրդարանի կողմից, սակայն ոչ ոք չի կասկածում, որ պատգամավորների որոշումը դրական է լինելու, քանի որ խորհրդարանում մեծամասնություն է կազմում իշխող կուսակցությունը:



Չսպասելով խորհրդարանի որոշմանը, մի քանի քաղաքական գործիչներ արդեն մտադրություն են հայտնել առաջադրվելու նախագահի պաշտոնում: Առաջինն այդ մասին նախօրեին հայտնել է խոշորագույն ընդդիմադիր կուսակցություններից մեկի` «Նոր աջերի» առաջնորդ Դավիթ Գամկրելիձեն: Այսօր որոշել է առաջադրվել նաեւ Սահակաշվիլու մերձակա կողմնակիցներից մեկը` հայտնի տնտեսագետ Գիա Մաիսաշվիլին: Նա համոզմունք է հայտնել իր հաղաթանակում, քանի որ ունի «Վրաստանի ռազմավարական զարգացման եւ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման կոնկրետ ծրագիր»:



Հինգշաբթի, գտնվելով Փարիզում, ԱԳՆ նախկին ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին, որն այժմ գլխավորում է ընդդիմադիր «Վրաստանի ուղի» կուսակցությունը, չի բացառել, որ ինքը կարող է առաջադրվել որպես ընդդիմության միասնական թեկնածու Վրաստանի նախագահի պաշտոնի համար: «Մենք կաշխատենք միասնական թեկնածու առաջադրել: Սակայն դեռեւս վաղ է խոսել այն մասին, թե ով կարող է դա լինել: Եթե ընդդիմության առաջնորդներն առաջարկեն, ես կհամաձայնվեմ լինել միասնական թեկնածու»,-հայտարարել է նա ֆրանսիացի լրագրողներին:



Նախօրեին Սահակաշվիլին հայտարարել էր: «Ես գիտակցաբար եմ գնում իմ պարտականությունների կրճատմանը, որպեսզի երկար չսպասելով, կրկին ստանամ բնակչության աջակցության մանդատը Վրաստանի վերածնունդի, անկախության հաստատման, դրսից ցանկացած ճնշումից երկիրը պաշտպանելու եւ մեր տարածքի որեւէ մասի անեքսիան կանխելու համար մղվող պայքարում»:



2006 թվականի դեկտեմբերին Սահակաշվիլու նախաձեռնությամբ խորհրդարանը որոշում կայացրեց 2008 թվականի աշնանը միաժամանակ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Սահակաշվիլու լիազորությունների ժամկետը նախագահի պաշտոնում լրանում է 2009 թվականի հունվարին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---