14 նոյեմբերի 2007 - 19:00 AMT
Սարկոզի. Ժամանակին Անկարայի հետ երկերեսանի են վարվել` խոստանալով լիարժեք անդամակցություն ԵՄ-ին
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դեմ է արտահայտվում Թուրքիայի ԵՄ անդամակցությանը, հայտարարելով, որ Թուրքիան կարող է միայն արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ ստանալ: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդարանի սոցիալիստների առաջնորդ Մարտին Շուլցը Ստրասբուրգում քաղաքական խմբակցությունների ղեկավարների հետ փակ դռների հետեւում Ֆրանսիայի նախագահի հետ կայացած հանդիպումից հետո: Շուլցի խոսքերով, Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ժամանակին Անկարայի հետ երկերեսանի են վարվել` խոստանալով լիարժեք անդամակցություն Եվրամիությանը: Նա դա համարում է անհնարին, քանի որ, իր կարծիքով` Թուրքիան Եվրոպայի մասը չէ:

Իր հերթին, Շուլցը, նշելով Թուրքիայի կարեւորությունը եվրոպական շահերի համար, ասել է, որ Ֆրասնաիայի նախագահի դիրքորոշումն անփոփոխ է: «Սարկոզիի խոսքերով, Եվրոպան բաց սահմաներ ունի, սակայն Թուրքիայի տարածքի մեծամասնությունը գտնվում է Փոքր Ասիայում եւ այդ պատճառով կարելի է խոսել միայն արտոնյալ գործընկերության մասին»,- ասել է Շուլցը, հայտնում է ABHaber-ը: