15 նոյեմբերի 2007 - 14:12 AMT
Ալի Բաբաջան. Թուրքիան վերջ կտա ահաբեկչական հենակետերի գոյությանը Հյուսիսային Իրաքում
Թուրքիան վերջ կտա ահաբեկչական հենակետերի գոյությանը Հյուսիսային Իրաքում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը` ելույթ ունենալով Անկարայում խորհրդարանական հանձնաժողովի առջեւ: Նրա խոսքերով, Թուրքիան պետք է օգտվի սեփական շահերը պաշտպանելու իր իրավունքից, երբ դա անհրաժեշտ լինի: «Մենք ուշադրության կենտրոնում ենք պահում այդ խնդիրն արդեն շատ տարիներ: Մենք պետք է կանխենք Հյուսիսային Իրաքի վերածումը ահաբեկչության տանիքի: Մեր ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը երկրում ավելի կարեւոր են, քան ցանկացած այլ հարցեր»,-ընդգծել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Նա նաեւ նշել է, որ Թուրքիայում կան ուժեր, ահաբեկչությունից ինքնուրույն պաշտպանվելու համար` հավելելով, որ կառավարությունը գնահատել է այդ խնդրի լուծմանն ուղղված բոլոր միջոցներն ու քայլերը: Ալի Բաբաջանը նշել է նաեւ, որ Թուրքիան հանդես է գալիս ինքնիշխան եւ անկախ Իրաքի օգտին: Վերջին իրադարձությունները Իրաքում եւ հատկապես Քրդական աշխատավորական կուսակցության խնդիրը Հյուսիսային Իրաքում հիմնականը դարձան որպես ռազմավարական դաշնակիցներ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում: «Մեր համագործակցությունը հիմնված է համընդհանուր գլոբալ եւ տարածաշրջանային խաղաղության, անվտանգության եւ կայունության վրա: Չափազանց կարեւոր է ստանալ կոնկրետ արդյունքներ ահաբեկչության դեմ մղվող պայքարում որքան հնարավոր է շուտ, քանի որ դա օրակարգի հիմնական կետն է»,-ասել է Ալի Բաբաջանը, գրում է «Թըրքիշ Դեյլի նյուսը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավ-արեւելքում տեղակայված է զորքերի 100-հազարանոց խմբավորումը: Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի կեսերին երկրի կառավարությանը մանդատ է տվել սահմանակից տարածք ներխուժելու համար, որտեղ, ըստ զինվորականների տվյալների, կենտրոնացած են ՔԱԿ-ի շուրջ 3,5 հազար գրոհայիններ: