Բ.Սահակյան. Բաքվի ռազմատենչ հռետորությունը որպես հոգեբանական ճնշման միջոց ոչ մի կերպ չի ազդում Ղարաբաղի վրա

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանին եւ հայ ժողովրդին իր երախտագիտությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում Ստեփանակերտի շահերը ներկայացնելու համար: «Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանը շարունակի մասնակցել այդ ձեւաչափով ընթացող բանակցություններին, քանի որ խաղաղության հասնելու միակ ուղին բանակցություններն են: Միեւնույն ժամանակ, մենք համոզված ենք, որ խնդրի տրամաբանական լուծման համար Ստեփանակերտի մասնակցությունը բանակցություններին անհրաժեշտ է, այսինքն հարկավոր է վերսկսել ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշման գործողությունը: Եվ այսօր Հայաստանի եւ Արցախի իշխանությունները բոլոր ջանքները գործադրում են մեր հանրապետության որպես բանակցող կողմի մանդատը վերսկսելու համար»,-հայտարարել է ԼՂՀ նախագահը:



Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին եւ այդ երկրի ռազմական հզորության ավելացմանը` Բակո Սահակյանը հայտարարել է. «Ադրբեջանը շարունակում է հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով, եւ նման քաղաքականությունը չի նպաստում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եվ մենք համարում ենք, որ ադրբեջանական իշխանությունները պետք է առավել կառուցողական լինեն, քանի որ նման մոտեցումը թույլ կտա իրականում լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով: Որպես հոգեբանական ճնշման միջոց նման հայտարարությունները ոչ մի կերպ չեն ազդում մեր վրա, քանի որ մենք ուժեղ ենք ոգով եւ հետագայում եւս շարունակելու ենք ապրել մեր հողի վրա տիրոջ իրավունքով: Մենք բոլոր պայմանները կստեղծենք, որ մեր ժողովուրդը կարողանա ապրել եւ աշխատել խաղաղ պայմաններում»: «Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ռազմական հզորության ավելացմանը, ապա մենք եւս տեղում չենք դոփում, օրեցօր մեր զինված ուժերը կատարելագործվում են, մենք ունենք բազմապլան պաշտպանական համակարգ, ժամանակակից հակաօդային տեխնիկա եւ ցանկացած պահի պատրաստ ենք պաշտպանել մեր երկրի անվտանգությունը»,-հայտարարել է ԼՂՀ նախագահը Բոսթոնում հրատարակվող երեք` «Hairenik», «The Armenian Weekly» եւ «The Mirror Spectator» թերթերին: Նրա խոսքերով, այս պահին Արցախի ճակատագիրը վտանգված չէ եւ «եթե աստված մի արասցե, նման իրավիճակ առաջանա, մենք պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---