Մխիթարյանի գոլի ամենաջերմ ու մաղձոտ արձագանքները

Մխիթարյանի գոլի ամենաջերմ ու մաղձոտ արձագանքները

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդ»- «Այաքս» հանդիպման ընթացքում ՄՅու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփեց Եվրոպայի լիգայում իր 6-րդ գնդակն՝ ակումբային ռեկորդ սահմանելով այդ մրցաշարում խփված գոլերի քանակով: Հայ ֆուտբոլիստի՝ 48-րդ րոպեին խփած փայլուն գնդակը բազմաթիվ նախկին ու ներկա ֆուտբոլիստների ու մարզական լրագրողների շնորհավորանքների ու մեկնաբանությունների առիթ դարձավ:

Մխիթարյանին շնորհավորածների թվում է ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Յուրի Ջորկաևը: նա տեղադրել է թվիթերյան միկրոբլոգում իր ու երիտասարդ Հենրիխի նկարն ու գրել. «այդ օրն ասացիր ինձ, որ մի օր դու էլ ես գավաթ նվաճելու»:

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվսը հայտարարել է, որ Մխիթարյանը փայլուն գնդակ է խփել: «Նա բազմաթիվ գոլեր է խփել Եվրոպա լիգայում, բայց այդ մեկը նրա լավագույնն էր», - ասել է նա:

Մանկունիանցիների մեկ այլ նախկին ֆուտբոլիստ Դուայթ Յորքը համոզմունք է հայտնել, որ Մխիթարյանը մյուս խաղաշրջանում էլ ավելի արդյունավետ է գործելու:

«Մխիթարյանը թիմին բալանս է բերել: Ցավոք, միշտ չէր խաղում վնասվածքների և մարզչի ռոտացիոն քաղաքականության պատճառով, սակայն Հենրիխն իսկապես տաղանդավոր խաղացող է, ով մեծաթիվ խնդիրներ է ստեղծում պաշտպանների համար, երբ իր խաղը ստացվում է», - նշել է նա: Պրեմիեր լիգայում առաջին մրցաշրջանը միշտ էլ բարդ է, սակայն նա ունի ամեն ինչ, ինչ հարկավոր է հաջողության համար», - ասել է Յորքը:

ESPN-ն իր գնահատականում նշում է, որ Մխիթարյանի խաղը «խառն էր»: «Մխիթարյանը լավ էր շարժվում, սակայն հաճախ էր կորցնում գնդակը խոստումնալից դրվագներում: Թվում է, որ նա շատ էր ձգտում բարդ քայլեր ձեռնարկել, երբ բավարար էին պարզ անցումները: Այնուամենայնիվ, նա կանխորոշեց խաղի ավարտը մոտ տարածությունից հոյակապ հարվածով», - նշում է պարբերականը:

Սպասելիորեն, թույն և գաղջ էր լսվում հարևան Ադրբեջանից: Որոշ ԶԼՄ-ներ նախընտրեցին պարզապես չնշել Մխիթարյանի անունը որպես գոլի հեղինակ, ոմանք՝ «Յունայթեդի» հաղթանակի լուրն ուղեկցում էին թիմի կտրած նկարով՝ առանց Մխիթարյանի:

Իսկ երկրի ֆուտբոլային ֆեդերացիայի գործկոմի անդամ, «Նեֆթչիի» նախկին խաղացող Կազբեկ Տուաևը հայտարարել է, թե չի համարում Մխիթարյանին ուժեղ խաղացող, իսկ «Այաքսին» հաղթելը «Յունայթեդի» մակարդակի գործ չէր: «Այաքսի» խեղճ երեխաներին հաղթելու համար շատ ջանքեր պետք չեն», - ասել է նա:

Կարդացեք նաև. Հայ ֆուտբոլասերը 51 գործակցով գումար է շահել Մխիթարյանի ծածանած դրոշի շնորհիվ

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---