ՄԻՊ. Պետությունը պետք է պայմաններ ստեղծի, որ երեխան մեծանա բարեկեցիկ ու երջանիկ ընտանիքում

ՄԻՊ. Պետությունը պետք է պայմաններ ստեղծի, որ երեխան մեծանա բարեկեցիկ ու երջանիկ ընտանիքում

PanARMENIAN.Net - 2016-ին Հայաստանում ընդունվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը, որը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին արտոնում է իրականացնել «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: Այս մասին ասվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձում, որը նա հղել է երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով:

Նա մասնավորապես նշել է, որ 2016-ից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը: Իրականացվում են պարբերական և ըստ անհրաժեշտության այցեր երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ և հանրակրթական ուսումնական հաստատություններ: Նշվում է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը, հաշմանդամության խնդիրները, բռնության և թրաֆիքինգի դեպքերը մշտապես ուշադրության կենտրոնում են:

«Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բոլոր օրենքների հիմքում երեխայի լավագույն շահն է, իսկ երեխայի իրավունքներից կարևորը ընտանիք ունենալու, ընտանիքում ապրելու իրավունքն է: Պետության պարտականությունն է բոլոր դեպքերում ապահովել երեխայի լավագույն շահը և ստեղծել պայմաններ, որ երեխան մեծանա առողջ, բարեկեցիկ և երջանիկ ընտանիքում»,-ասվում է ուղերձում, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Հունիսի 1-ը, որպես երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր, նշվում է 1950 թվականից: Այդ պաշտպանությունն արդյունավետ և խորքային դարձնելու համար աշխարհում բազմաթիվ կարևոր փաստաթղթեր են ստորագրվել. 1959թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Երեխաների իրավունքների հռչակագիրը, 1989 թ.՝ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան: Փաստաթղթերն ստորագրած պետությունները պարտավորվել են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու համար երեխայի պաշտպանությունը խտրականության բոլոր ձևերից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---