«Հարթակ» փորձի փոխանակման 3-րդ փառատոնը՝ Գյումրիում

«Հարթակ» փորձի փոխանակման 3-րդ փառատոնը՝ Գյումրիում

PanARMENIAN.Net - «Հարթակ» փորձի փոխանակման 3-րդ փառատոնն է անցկացվելու Գյումրիում: «Հարթակը» իրականացնում է գիտելիքների և հմտությունների ազատ փոխանակման գաղափարը՝ վարպետության դասերի, workshop-ի, ակտիվ քննարկումների և միջոցառումների միջոցով։

Այս փառատոնում ներառված են տարբեր ոլորտներ՝ արվեստից մինչև տեխնոլոգիա, սպորտից մինչև սնունդ։

Նախորդ երկու տարիներին փառատոնը տեղի է ունեցել Երևանում. 2017-ին այն անցկացվելու է մշակութային մայրաքաղաք Գյումրիում՝ հունիսի 10-11-ին:

Այս տարի փառատոնը ներկայացնում է մի շարք վարպետության դասեր տարբեր թեմաներով, ինչպիսիք են՝ տեխնոլոգիան, արա ինքդ, առողջ ապրելակերպ, արվեստ և արհեստ։

Գյումրին ունի հին թաղամաս` պատմական շինություններով, հայտնի մարդկանց, դերասաններին, արվեստագետներին և գրողներին նվիրված թանգարաններ: Այդ պատճառով է, որ ընտրվել է այս տարվա փառատոնի խորագիրը՝ ճարտարապետություն և ուրբանիստիկա, ուստիծրագրում տեղ են գտել ճարտարապետության, դիզայնին վերաբերյալ հատուկ դասընթացներ և քննարկումներ։

Այս տարվա «Հարթակը» նաև ճարտարապետական մրցույթ է հայտարարել՝ Գյումրիի Իսահակյան պուրակի բարեկարգման լավագույն նախագծի համար, որը հետագայում կյանքի կոչելու հնարավորություն կունենա:

Վարպետության դասերը կվարեն Գյումրիի ինչպես նաև Հայաստանի այլ քաղաքների և արտասահմանի մասնագետները։ Սա Գյումրու և Հայաստանի այլ համայնքների միջև կամուրջ կառուցելու հնարավորություն է։

«Հարթակ» 2017թ-ի բանախոսների ցուցակում են ամերիկահայ դերասան Արամ Աթամյանը, Տիգրան Լալայանը ավտոդիզայնի համաշխարհային առաջատար Pininfarina s.P.A-ից, գերմանացի ճարտարապետ Հեյկո Կոնրադը, PicsArt ընկերության տեխնիկական տնօրեն Միքայել Վարդանյանը, Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն և շատ ուրիշներ։

Բացի այդ, տեղի կունենան նաև այլ իրադարձություններ՝ ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք, շրջայցեր քաղաքի տեսարժան վայրերով, համերգներ և այլ ժամանցային միջոցառումներ:

Փառատոնն իրականացվում է ԷՕՆ-ի և Քրիստինա Հարությունովայի համատեղ նախաձեռնությամբ: Փառատոնի գործընկերների շարքում են Գյումրու քաղաքապետարանը, «Հույս» Գյումրիի շենացման հիմնադրամը, Վորլդ Վիժնը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Շիրակ Կենտրոն ՀԿ-ն, Բեռլին Արտ հյուրանոցը, ԿԱԶԱ հիմնադրամը, ԼՈՖԹ-ը և այլոք։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---