Նախարար. Միասնական քննություններում փոփոխություններ կլինեն

Նախարար. Միասնական քննություններում փոփոխություններ կլինեն

PanARMENIAN.Net - Ընդունելության քննության ձևաչափում առաջիկայում փոփոխություններ կլինեն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ Ընդունելության քննությունների կենտրոնացված համակարգն, ի վերջո, տարիների ընթացքում իր արդյունքը տվեց և յուրաքանչյուրը գիտի` գիտելիքին համարժեք գնահատական է ստանալու:

Հունիսի 2-ից մեկնարկել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունները:

«Բուհերը շատ են բողոքում, որ երեխաները, ովքեր մասնագիտական նախընտրություն ունեն, հաճախ դուրս են մղվում ավելի բարձր ստացած, բայց մեկ ուրիշ մասնագիտություն ընտրած դիմորդների հետ մրցակցության պատճառով: Օրինակ, իրավաբանական ֆակուլտետի դիմորդը պատմության ֆակուլտետի դիմորդին կարող է դուրս մղել, եթե վերջինս մի քիչ ավելի ցածր միավորներ է ստացել: Դրա համար մենք հիմա նախատեսում ենք մինչև հոկտեմբեր ամիսը առաջին հայտի գերակայության սկզբունքը պահել` առաջինը կանցնեն նրանք, ովքեր առաջին հայտով իրենց նախընտրած մասնագիտությամբ համապատասխան միավոր են ստացել, և նոր միայն մյուսները կանցնեն` թափուր տեղի առկայության դեպքում»,-մանրամասնել է նախարարը, հայտնում է Panorama.am-ը։

Մկրտչյանի խոսքով՝ դիմորդը հնարավորություն կունենա նույն առարկայից երկրորդ անգամ քննություն հանձնել. «Այս փոփոխությունը կբեռնաթափի համակարգը, և յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա երկրորդ անգամ էլ փորձել, քանի որ պետք է հասկանանք` քննության իմաստը ոչ թե դիմորդի սխալը բռնելն է, այլ երեխայի գիտելիքները ստուգելը: Եվ եթե հուզմունքի կամ այլ պատճառներով լավ չի ստացվում նրա մոտ առաջին անգամ, պետք է երկրորդ հնարավորություն էլ տրվի: Մեզ մոտ Ամերիկյան համալսարանն այդ ձևաչափով է իր ընդունելությունը կազմակերպում և, ըստ էության, մի քիչ անհավասար պայմաններ են այս և մյուս բուհերի միջև»։

Նախարարը նշել է, որ 2018 թվականին 12-ամյա կրթության անցման պատճառով դիմորդների թվի նվազում է սպասվում: «Դիմորդների փոքր թիվ կունենանք, համալսարանների համար էլ դժվար կլինի, բայց դրանից հետո թվաքանակը հասնելու է մինչև 35 հազարի», - ասել է նախարարը՝ ընդգծելով, որ մյուս կողմից դիմորդների բախտը բերել է, քանի որ տեղերը շատ են, հետևաբար շատ ավելի դիմորդներ հնարավորություն կունենան բուհ ընդունվելու, հայտնում է Aysor.am-ը:

«Այժմ մենք ամեն ինչ պետք է անենք, որ ուսման վարձերի բարձրացում չլինի, հիմիկվանից գումար են տնտեսում, որ խնդրի առաջ չկանգնեն, մենք էլ ինչով կարող ենք, պետք է օգնենք նրանց», - ասել է Լևոն Մկրտչյանը:

Հունիսի 6-ին հանրապետության 29 քննական կենտրոններում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություն է հանձնելու 5191 դիմորդ։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---