«Թումո ստուդիաները» սովորեցնելու են ստեղծել կրելու, առօրյայում օգտագործելու և համտեսելու իրեր

«Թումո ստուդիաները» սովորեցնելու են ստեղծել կրելու, առօրյայում օգտագործելու և համտեսելու իրեր

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Երևանի Թումանյանի այգում տեղի է ունեցել «Թումո ստուդիաներ» նախագծի շնորհանդեսը։ Կենտրոնի գործընկերների և աշխատակիցների ներկայությամբ Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը և Ստուդիաներ ծրագրի ղեկավար Մարալ Մկրտչյանը ներկայացրել են ծրագիրը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանում «Թումո ստուդիաներ» կրթական նոր ծրագիր կիրականացվի, որի համար 5 մլն դոլար կներդրվի: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է հիմնել ժամանակակից և ստեղծագործ կրթական նոր միջավայր:

Թումո ստուդիաներ ծրագիրը աշխատելու է անալոգային դիզայնի ուղղությամբ։ Այն սովորեցնելու է ստեղծել կրելու, առօրյայում օգտագործելու և, ինչու ոչ, համտեսելու իրեր։ Դրա մասնակիցները՝ միջազգային մասնագետների հետ աշխատելով, ստեղծելու են արտադրանք, որը յուրահատուկ է ինչպես իրենց դիզայնով, այնպես էլ գործառույթներով։

«Թումո ստուդիաների միջոցով մենք ցանկանում ենք սովորել՝ ինչպես մշակել հայկական դիզայնի ապագան։ Հայկական արհեստների ավանդույթը պետք է պահպանվի, բայց նաև հագեցած լինի ժամանակակից գաղափարներով և դիզայնով, մեկ քայլ առաջ գնալով և մրցակցային արտահանության հասնելով։ Մեր մշակութային ժառանգությունը պիտի նոր լիցքեր ստանա, և ճանաչելի լինի աշխարհին որպես հայկական դիզայն», - նշել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Նախագծի իրականացման համար կկառուցի 3000-4000 քմ տարածք զբաղեցնող կառույց Թումանյանի այգու՝ կամրջին կից գտնվող դատարկ հատվածում, առանց կանաչ տարածքները վնասելու։ Շինարարությունը պլանավորվում է սկսել մինչև այս տարվա վերջ և ավարտել 2019-ին։ Ստուդիաները կունենան աշխատանքային տարածքներ, արհեստանոցներ, խմբակային աշխատանքի համար նախատեսված սրահներ։ Սակայն մինչ այդ Թումո ստուդիաները արդեն սկսել են իրենց աշխատանքը, և Պուշկինի փողոցում գտնվող պատմամշակութային գեղեցիկ մի շենքում արդեն անցկացվել են աշխատարաններ նորաձևության, ոսկերչության, տպագրության, խոհարարության և այլ թեմաներով։

«Ծրագրի իրականացման համար Հայաստան կհրավիրենք թե՛ տեղացի, թե՛միջազգային ամենահզոր մասնագետներին։ Արդեն իսկ անցկացրել ենք աշխատարաններ նորաձևության հանրահայտ դիզայներ Տիգրան Ավետիսյանի հետ, զարդեր ենք ստեղծել կորսիկացի Լաուրա Սանսոնետտիի հետ, այս օրերին մասնակիցները սովորում են Հայաստանի ամենահայտնի ասեղնագործ Թամարա Աթանասյանից։ Ծրագիրը հասանելի է 18-28 տարեկան բոլոր այն երիտասարդներին, ովքեր հետաքրքված են դիզայնով և արհեստներով», - մանրամասնել է Թումո ստուդիաների ղեկավար Մարալ Մկրտիչյանը, ասվում է Թումոյի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը բացվել է Երևանում 2011-ի օգոստոսին Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ Սիմոյան կրթական հիմնադրամի կողմից: Կենտրոնի նպատակն է ՏՏ ոլորտի հմտություններ տալ 12-18 տարեկան երիտասարդներին, նրանց ծանոթացնել նորարար տեխնոլոգիաներին: Նշվում է, որ կենտրոնը նաև հնարավորություն է տալիս խորացնելու ուսուցումը: Ստեղծման պահից մինչ օրս կենտրոնում ավելի քան 10.000 մարդ է սովորել: Այժմ Թումոյի բաժանմունքներ են գործում Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում: Նախատեսվում է նմանատիպ կենտրոններ բացել նաև Հայաստանի այլ մարզերում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---