ԵՄ-ն կստուգի Թուրքիային տրամադրված նյութական օգնության բաշխումը

ԵՄ-ն կստուգի Թուրքիային տրամադրված նյութական օգնության բաշխումը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը որոշել է աուդիտի ենթարկել Թուրքիայի՝ ԵՄ թեկնածու դառնալուց հետո այս երկրին տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման նպատակայնությունը:

2007-2013թթ. ԵՄ-ն Թուրքիային 4.48 մլրդ եվրո նյութական օգնություն է տրամադրել: Ընդ որում, նշված ժամանակահատվածում Թուրքիային տրամադրված գումարը կազմում է ԵՄ թեկնածու երկրներին տրամադրվող օգնության 40%-ը: Նախատեսվում էր, որ այդ գումարը պետք է ծախսվեր Թուրքիայի եվրաինտեգրման համար սահմանված նախապայմաններն իրագործելու նպատակին, BBC Türkçe-ին հղումով հաղորդում է Ermenihaber.am-ը:

2014թ. հետո նույն նպատակով Թուրքիային պետք է տրամադրվեր ևս 1.65 մլրդ եվրո, սակայն Բրյուսելը դեռևս լիովին չի վճարել այդ գումարը: Աուդիտների եվրոպական դատարանի անդամ Գուստավ Վեսսբերգը մի մամուլի ասուլիսի ժամանակ այս առթիվ ասել է. «Թուրքիան Եվրամիության արտաքին ֆինանսական օգնությունից ամենից շատ օգտվող երկիրն է: Միևնույն ժամանակ պաշտպանության, միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ԵՄ-ի նշանակալից գործընկերն է: Սակայն մինչ օրս մենք երբեք չենք ստուգել, թե Թուրքիա ուղարկված նյութական օգնությունը որքանով է ծառայել իր նպատակին»:

Աուդիտորների խնդիրն է լինելու՝ պարզել, թե արդյոք Թուրքիային տրամադրված ֆինանսները օգտագործվել են նախատեսված ոլորտներում ծրագրված նպատակների համար և արդյոք դրանք արդյունավետ արդյունք են տվել: Աուդիտի ընթացքում ուշադրություն կդարձվի հիմնական ոլորտներին՝ օրենքի գերակայություն, ժողովրդավարություն և լավ կառավարում, կրթություն, աշխատանք և սոցիալական քաղաքականություն:Աուդիտի արդյունքում կազմված զեկույցը կհրապարակվի 2018-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---