Վարչապետ. Կսուբսիդավորենք գերակա ոլորտների վարկերը

Վարչապետ. Կսուբսիդավորենք գերակա ոլորտների վարկերը

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը:

«Մենք հստակ հայտարարելու ենք, որ պետությունն իր մասնաբաժինն է ունենալու և սուբսիդավորելու է գերակա ոլորտների վարկային տոկոսները: Խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը, թեթև արդյունաբերությանը, կաշվի վերամշակմանը, կոշիկի արտադրությանը, գորգագործությանը, ինչպես նաև արտահանմանը»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով, գյուղատնտեսության ոլորտում ախտորոշումը ցույց է տվել, որ պետք է սկզբունքորեն բարձրացնել արդյունավետությունը՝ ներդնելով կաթիլային համակարգեր, ինտենսիվ այգիներ, ջերմոցային տնտեսություններ և նոր գյուղտեխնիկա: «Այս ուղղություններով գյուղնախարարությունը մշակել է ֆինանսավորման հայտանիշեր, բանաձևեր: Մենք վարկի մարման առաջին երկու տարում կանգնելու ենք գյուղացու կողքին և սուբսիդավորելու վարկի տոկոսագումարի գերիշխող մասը՝ 70-80 տոկոսը: Մշակված նման բանաձևեր ունենք նաև թեթև արդյունաբերության համար»,- ասել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է կարճ ժամանակահատվածում բանկային համակարգին ներկայացնել նշված ոլորտների ֆինանսավորման հայտանիշերը:

Այնուհետև քննարկվել են արտահանման ոլորտների ֆինանսավորմանը, բանկերում առկա ակտիվների իրացմանը, տնտեսության տարբեր ճյուղերի վարկավորմանը, բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, բանկային համակարգի զարգացմանն ու առկա խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Բանկային համակարգի ներկայացուցիչները ողջունել են կառավարության նախաձեռնողականությունը, մասնավորապես, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ակտիվ գործունեությունը՝ արտահանողների խնդիրների լուծման ուղղությամբ: Նշվել է, որ այն մեծապես նպաստել է նաև վարկային ռիսկերի նվազեցմանը:

2017-ի ապրիլին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:

«Կառավարությունը պատրաստ է խրախուսել տեղական արտադրողին և սուբսիդավորել այն կոմերցիոն վարկերի որոշակի տոկոսը, որոնք միտված են արտադրությունների ընդլայնմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է Կարապետյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---