Ռուսաստանի համառության պատճառով Կոսովոն կհայտնվի ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի, այլ ոչ թե ՄԱԿ-ի պրոտեկտորատի ներքո

PanARMENIAN.Net - «Ռուսաստանի դիրքորոշումը, որը չի սատարում Կոսովոյի միակողմանի անջատմանը Սերբիայից, կհանգեցնի նրան, որ երկրամասի կարգավիճակը կորոշվի Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում»,-գտնում է ամերիկյան անկախ Միջազգային հարաբերությունների խորհրդի (SFR) առաջատար փորձագետ Չարլզ Կուպչանը: Նրա կարծիքով, հնարավոր է ազգամիջյան բռնության նոր բռնկում ալբանական մեծամասնության եւ փոքր կոմպակտ բնակվող սերբական բնակչության միջեւ երկրամասի հյուսիսում` Միտրովիցայի շրջանում: «Ես նույնիսկ չեմ բացառում, որ Կոսովոն կարող է բաժանվել անկախություն հայտարարելու դեպքում: Քանի որ հարցը դուրս կգա ՄԱԿ-ի իրավասությունից, ռազմական եւ ոստիկանական համակազմերը կանցնեն ՆԱՏՕ-ին, որոնք կկարողանան գործնականում կանխել հնարավոր նոր էթնիկ բախումները: 1999 թվականից ի վեր Կոսովոն գտնվում է ՄԱԿ-ի կառավարման ներքո»,-ընդգծել է Կուրչանը: «Պրիշտինայի կողմից միակողմանի անկախության հռչակումը որոշված հարց է: Կոսովոյի պետականության միջազգային լեգիտիմիզացիան բարդ խնդիր կլինի, քանի որ ՄԱԿ-ը չի մասնակցի նրա լուծմանը: Սակայն Կոսովոն կբավարարվի դե-ֆակտո անկախությամբ, որը կճանաչվի Եվրամիության եւ ԱՄՆ-ի կողմից` տրամադրելով անվտանգության երաշխիքներ»,-ասել է Կուպչանը:



Նրա գնահատմամբ, ԵՄ առնվազն 20, իսկ գուցե եւ ավելի երկրներ պատրաստ են ճանաչել Կոսովոյի ինքնիշխանությունը, իսկ մյուսները ուղղակի ստիպված կլինեն հաշտվել այդ փաստի հետ եւ գործուղել երկրամաս կարգուկանոնի պահպանմանն իրենց համակազմը: Նա կարծում է, որ չնայած Բելգրադի վճռական բողոքին, Սերբիան ոչ մի ուժային գործողություն չի ձեռնարկի Կոսովոյի ինքնիշխանության հայտարարման դեպքում: «Դա միայն ճարտասանություն է: Պետք է քաղաքական ինքնասպան լինել Սերբիայում` Կոսովոյին «ցտեսություն» ասելու համար: Կոսովոն Սերբիայի համար նույնն է, ինչ որ Երուսաղեմը Իսրայելի եւ Պաղեստինի: Սակայն իրականում Բելգրադը հասկանում է, որ արդեն կորցրել է Կոսովոն»,-ընդգծել է ամերիկացի փորձագետը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:



Նշենք, որ Կոսովոյի շուրջ խորհրդակցությունները եւ զեկույցի քննարկումը ՄԱԿ-ում պաշտոնապես նշանակված են դեկտեմբերի 19-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---