ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն կգործուղի Հայաստան պաշտոնական հրավեր ստանալուց անմիջապես հետո

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելություն կուղարկի Հայաստան պաշտոնական հրավեր ստանալուց անմիջապես հետո: Այդ մասին հայտարարել է կառույցի ղեկավար Քրիստիան Շտրոհալը: «Հայաստանյան ընտրությունները ավելի ուշ են կայանալու, ուստի այժմ մենք զբաղված ենք Վրաստանում, Ուզբեկստանում, Ղրղըզստանում սպասվող քվեարկություններով: Սակայն մենք միանշանակորեն պատրաստ կլինենք հայաստանյան ընտրություններին` հենց որ հրավեր ստանանք», - ասել է Շտրոհալը:



«Առաջիկա հանգստյան օրերին մեր դիտորդները կսկսեն մեկնել Վրաստան: Գործելու են եւ երկարաժամկետ, եւ կարճաժամկետ դիտորդական առաքելություններ», - ասել է Շտրոհալը եւ վստահեցրել. - «Պետք է ասեմ, որ մեր գրասենյակը լիակատար աջակցություն է ստանում տեղում` շահագրգիռ անձանց կողմից: Սա կարեւոր է` հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ քիչ ժամանակ է մնացել քվեարկության օրվան. ի վերջո, պետք չէ մոռանալ, որ սրանք արտահերթ ընտրություններ են», - հայտարարել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրենը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008 թվականի փետրվարի 19-ին: Վրաստանի վաղաժամկետ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունվարի 5-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---