Երիտ. կազմակերպությունները ծանոթացել են «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին

Երիտ. կազմակերպությունները ծանոթացել են «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի շուրջ կազմակերպվող հանրային քննարկումների շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում երիտասարդական կազմակերպությունների, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

ՀՀ ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանը նախ ներկայացրել է ՀՀ Զինված ուժերի համալրման նոր ծրագրերի պայմանները, մանրամասներն ու առանձնահատկությունները: Նախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ առաջարկվող զինվորական ծառայության նոր տեսակները չեն ենթադրում նախկին ձևի վերացում կամ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի փոփոխություն: Պաշտպանության նախարարությունը ընտրության հնարավորություն է տալիս այն երիտասարդներին, ովքեր զորակոչվելու են ազգային բանակ: Երկու ծրագրերի մասնակից դառնալու դեպքում էլ պետությունը բանակ զորակոչված երիտասարդներին հատկացնելու է ֆինանսական ու սոցիալական փոխհատուցման շոշափելի փաթեթ, հաղորդում է ՀԵՀ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հանդիպման մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր, ինչպիսիք են ծրագրերով նախատեսվող զինծառայողին տրվող դրամական միջոցների օգտագործման ոլորտների ընտրությունը, զինծառայողին հատկացվելիք արձակուրդի տևողության ընտրության տրամաբանությունը, սփյուռքի երիտասարդների ներգրավվածության հնարավորությունը:

ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը կարևորել է ծրագրերի մասին անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը հասարակությանը, քարոզչական խմբերի աշխատանքը: Այնուհետև առաջարկել է ՀԵՀ մարզային կենտրոնների և կամավորական խմբերի աջակցությունը.

«Մենք ունենք նման փորձ: Մեր մարզային համակարգողները պարբերաբար նման հանդիպումներ կազմակերպել են, և կարող ենք արձանագրել, որ տասնյակ երիտասարդներ այդ հանդիպումների արդյունքում կողմնորոշվել են դեպի ռազմական կրթություն»:

Վիգեն Սարգսյանն օգտակար է համարել ծրագրերի ներկայացման հաջորդ փուլերին գործակցությունը ՀԵՀ-ի կամավորական խմբերի հետ: Հանդիպման ավարտին նախարարը հայտնել է, թե պատրաստ են քննարկել նաև երիտասարդական կազմակերպությունների առաջարկները:

Զինծառայության համակարգում նախատեսված առաջին ծրագիրը կոչվում է «Պատիվ ունեմ»։ Այդ պետական ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Երկրորդ ծրագիրը կոչվում է «Ես եմ»։ Այդ ծրագրով նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային:

Կարդացեք նաև՝ Հանրային քննարկումներ՝ «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» նախագծերի շուրջ

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---