«Հյուսիս-հարավի» Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածում բետոնե շերտը որակյալ չէ

«Հյուսիս-հարավի» Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածում բետոնե շերտը որակյալ չէ

PanARMENIAN.Net - «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ 3-ի` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների բետոնե շերտը դեռևս որակյալ չէ, և գերմանացի մասնագետները պետք է մնան այնքան ժամանակ, մինչև կստանան պահանջվող չափորոշիչներին համապատասխանող ճանապարհածածկ: Այս մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ հունիսի 16-ին այցելելով շինհրապարակ:

Այստեղ ճանապարհաշինական աշխատանքները կատարում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը:

Նախարարն իր նախորդ այցերի ընթացքում ընկերության աշխատանքում թերացումներ էր արձանագրել և հանձնարարել, որ դրանք շուտափույթ վերացվեն: Այս անգամ Վահան Մարտիրոսյանը նկատել է, որ շինարարական աշխատանքներում բավական առաջընթաց է գրանցվել թե՛ շինարարության ընթացքի և թե՛ ներգրավված տեխնիկայի առումով, սակայն կատարվող աշխատանքի որակը դեռևս գոհացուցիչ չէ:

Տեխնիկական վերահսկողություն իրականացնող ինժեներները նախարարին հայտնել են, որ արդեն պատրաստ ջրթող խողովակներից երկուսն առանց լաբորատոր վերահսկողության են կառուցվել, հիմա սխալը շտկվում է։ Վերցվել են նմուշները և կատարվելու է լաբորատոր հետազոտություն` ստուգելու համար դրանց որակական համապատասխանությունը պահանջվող չափանիշներին։

Վահան Մարտիրոսյանը հանձնարարել է խիստ վերահսկողությամբ իրականացնել ստուգումները, և թերություններ արձանագրելու դեպքում ճանապարհաշինական ընկերությանը պարտադրել վերացնել դրանք։

Նախարարը նշել է, որ բետոնապատումից առաջ պետք է հեռացվի և հետագա օգտագործման նպատակով պահեստավորվի ճանապարհի ամբողջ սևահողը:

Բետոնապատման ժամանակակից տեխնիկան շինհրապարակում է։ Գերմանիայից Հայաստան ժամանած ինժեներների առջև խնդիր է դրված այն շահագործել այնպես, որ անհրաժեշտ որակի բետոնե ծածկ ստանան:

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, որը նույնպես ուղեկցում էր նախարարին, վստահեցրել է, որ անձամբ կհետևի, որ չինական ընկերությունը արդարացնի իր վրա դրված պատասխանատվությունը:

Աշխատանքային խորհրդակցությունը շարունակվել է «Սինոհիդրո» ընկերության գրասենյակում, որտեղ առավել մանրամասն քննարկվել են շինարարության կազմակերպման բոլոր առանձնահատկությունները:

Վահան Մարտիրոսյանը նշել է, որ 2 շաբաթ ժամանակ է տրվում ընկերությանը, որպեսզի բոլոր թերացումները վերացնի, արագացնի աշխատանքի ընթացքը, ինժեներական որակյալ ռեսուրսներով համալրի անձնակազմը, լիարժեք շահագործման հանձնի որակի վերահսկողության լաբորատորիան: Հակառակ դեպքում՝ պատվիրատուի կողմից ընկերության հանդեպ կկիրառվեն տույժեր ու տուգանքներ։

«Մինչև այս ամսվա ավարտը շահագործման պիտի հանձնվեն փաստաթղթերի պահանջներին համապատասխանող լաբորատորիաներ։ Մինչև այդ պետք է կատարվեն միայն հողային աշխատանքներ, բետոնե ծածկն առանց այդ լաբորատորիաների չի ընդունվելու»։

Նախարարը շեշտել է, որ վերահսկողությունն այս դեպքում ամենօրյա հաշվետվողականությունն է, որպեսզի կատարված յուրաքանչյուր աշխատանք փաստաթղթավորվի, իսկ թերացումներին արագ արձագանք տրվի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---