Թոշակառուների համար քարտ՝ Անելիք բանկից. Դեղատներում զեղչեր և այլ առավելություններ կունենան

Թոշակառուների համար քարտ՝ Անելիք բանկից. Դեղատներում զեղչեր և այլ առավելություններ կունենան

PanARMENIAN.Net - «Անելիք Բանկը» հատուկ թոշակառուների համար թողարկել է նոր՝ «Հոգատար» ArCa Classic քարտը, որը տրամադրվում է անվճար:

«Մեր բանկում սկսելու է գործել նոր քարտային գործիք, որն առաջարկելու ենք մեր կեսնաթոշակառու հաճախորդներին: Այդ քարտը տրվելու է բոլոր թոշակառուներին անվճար: Բացի անվճար կեսաթոշակային քարտի տրամադրումից, հավելյալ ծառայություններ էլ ենք մատուցելու՝ բանկի հետ գործակցող մի շարք ընկերությունների հետ համատեղ: Այն կեսնաթոշակառուները, որոնք ստանալու են իրենց թոշակներն «Անելիք Բանկի» հաշիվների վրա, կստանան որոշակի առավելություններ, այդ թվում՝ 5% զեղչ մի շարք դեղատներում դեղորայք գնելիս», - ներկայացրեց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Այսպիսով, քարտը հնարավորություն է ընձեռում ստանալ 5% զեղչ «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ և «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղատների ցանցում գնումներ կատարելիս:

Կարամանուկյանի խոսքով, «Հոգատար» քարտը հնարավորություն է տալիս թոշակառուներին ստանալ իրենց թոշակներն ArCa պլաստիկ քարտերով, առանց տարեկան սպասարկման, կանխիկացման և այլ վճարների: Նա նաև հայտնեց, որ թոշակառուները հնարավորություն կունենան Աստղիկ ԲԿ-ում 10% զեղչ ստանալ ամբուլատոր/ստացիոնար բուժման համար և անվճար արյան ընդհանուր քննություն հանձնել, ինչպես նաև ինսուլինի քանակական որոշումն արյան մեջ:

Բացի այդ, մինչև 70 տարեկան այն կենսաթոշակառուները, որոնք ձեռք կբերեն Բանկի հետ գործակցող ապահովագրական ընկերության կողմից դժբախտ պատահարների` «Ընտանիք ծրագիր» և գույքի` «Բնակարան ակտիվ» (ֆիքսված տարբերակ) ապահովագրությունը, կարողանան 5000 դրամի դիմաց Աստղիկ ԲԿ-ում օգտվել մի շարք հետազոտություններից: Բանկի քարտապանները 500.000-2.000.000 դրամ ապահովագրական գումարի դիմաց կվճարեն ընդամենը 5000-18000 դրամ:

Ծառայությունների ցանկը հետևյալն է. թերապևտի խորհրդատվություն, ակնաբուժի կողմից տեսողության ստուգում, կանանց համար գինեկոլոգի խորհրդատվություն կամ տղամարդկանց համար ուրոլոգի խորհրդատվություն, որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), արյան ընդհանուր քննություն լեյկոբանաձևով, 10% զեղչ ամբուլատոր/ստացիոնար բուժումից:

«Անելիք բանկ» ՓԲԸ-ի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գևորգյանն իր հերթին տեղեկացրեց, որ այն թոշակառուները, որոնք կվերցնեն «Հոգատար» քարտը և Բանկի հաճախորդ կդառնան, նաև հետևյալ առավելությունը կունենան.

«Քարտի վրա եղած միջոցների համեմատ բանկը կհաշվարկի տարեկան 3% տոկոս տոկոսադրույք: Դա լրացուցիչ եկամուտ է թոշակառուների համար: Այսինքն, այն միջոցները, որոնք միանգամից չեն կանխիկացվի, ամեն օր որոշակի գումար կաշխատեն»:

Գևորգյանն ընդգծեց նաև, որ ներդնելով նոր պրոդուկտներ՝ մշտապես կատարելագործում են, նոր հնարավորություններ ընձեռում՝ ելնելով շուկայի պահանջարկներից:

«Այս քարտը նույնպես նույն սխեմայով է մշակվել: Ուսումնասիրել ենք շուկան, բացահայտել, թե ինչ կարիքներ ունեն այսօր մեր թոշակառուները»:

Գևորգյանը նշեց, որ այս առաջարկն ծառայությունների փաթեթ է ներկայացնում, որը, բացի «Հոգատար» քարտից, իր մեջ ներառում է նաև թոշակառուների համար մշակված վարկային պրոդուկներ:

«Այսօր բանկերի մեծ մասը չի վարկավորում թոշակառուներին: Այդ պատճառով էլ մշակել ենք այնպիսի պրոդուկտ, որը կբավարարի թոշակառուների պահանջները: Մեր բանկում նրանք կարող են ստանալ ինչպես գրավային ապահովությամբ, այնպես էլ առանց գրավի վարկեր», - ասաց նա:

Գևորգյանի խոսքով, առանց գրավի վարկերի ժամկետը կլինի մինչև 48 ամիս, տրամադրվող գումարը՝ մինչև 550.000 դրամ, իսկ գրավային ապահովության վարկերի դեպքում վարկի առավելագույն գումարն է 3 մլն դրամը, ժամկետը՝ 60 ամիս:

Պատասխանելով տարիքային սահմանափակումների մասին PanARMENIAN.Net ի հարցին, Գևորգյանը պարզաբանեց. «Ելնելով բանկի կողմից վարվող քաղաքականությունից՝ մենք որոշակի սահմանափակումներ ունենք պրոդուկտի հետ կապված, օրինակ՝ մեր համար թիրախային խումբ են հանդիսանում բոլոր այն անձիք, որոնք ստանում են թոշակները մեր բանկային քարտի միջոցով, իսկ մինչև 70 տարեկան սահմանափակումը գալիս է շուկայի ուսումսասիրությունից. այդ տարիքից բարձր մարդիկ վարկավորման հետաքրքրվածություն չեն ցուցաբերում»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---