Կիպրոսի շուրջ բանակցություններն ապարդյուն են ավարտվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով

Կիպրոսի շուրջ բանակցություններն ապարդյուն են ավարտվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով

PanARMENIAN.Net - Շվեյցարական Կրան Մոնտանում ընթացող Կիպրոսի հարցով միջազգային խորհրդաժողովում բանակցություններն անարդյունք են ավարտվել: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

«Պետք է ցավով նշեմ, որ չնայած բանակցությունների բոլոր մասնակիցների շահագրգռվածությանը Կիպրոսի հարցով խորհրդաժողովում համաձայնության հասնել չի հաջողվել» ,-ասել է Գուտերեշը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Ըստ AP գործակալության, կղզու վերամիավորման հարցում համաձայնության չի հաջողվել հասնել Թուրքիայի դիրքորոշման պատճառով: Թուրքիան պնդել է, որ իր զորակազմը մնա Կիպրոսում:

Բանակցությունների առավել խնդրահարույց մասը մինչև 1974թ. թուրքական ներխուժումը Կիպրոսի հույներին պատկանող սեփականության հարցն է: Կողմերը պետք է պայմանավորվեն այդ սեփականությունը վերադարձնելու կամ փոխհատուցման մասին, եթե փոխհատուցման՝ ապա ինչ չափի: Լուծման է ենթակա նաև կղզիում թուրքական զորքերի հարցը, որոնց թվաքանակը հասնում է 30.000-ի: Հարկավոր է որոշել նաև, թե ով է լինելու գործարքի իրականացման երաշխավորը՝ ԵՄ-ն թե Մեծ Բրիտանիան:

Կիպրոսը դե ֆակտո կիսվել է երկու մասի 1974-ին` Թուրքիայի ռազմական ներխուժումից, որը թուրքերը պատճառաբանեցին հույն զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո: Որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որը, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի օկուպացնում է այն տարածքը, որը զավթվել է Կիպրոսի Հանրապետությունից` 1974 թվականի ներխուժման ժամանակ։ Աշխարհի պետությունների մեծ մասը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։ Կղզու օկուպացված մասում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են քրիստոնեական հուշարձանները՝ Թուրքիան, ինչպես միշտ, փորձում է ոչնչացնել բնիկ բնակչության գոյության հետքերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---