7 հունվարի 2008 - 12:39 AMT
Նախնական տվյալներով, Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում առաջատարը Միխաիլ Սահակաշվիլին է
Հունվարի 5-ին Վրաստանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում Միխաիլ Սահակաշվիլու օգտին տված ձայների քանակն այս պահի դրությամբ ԿԸՀ-ում ընտրական տեղամասերի մոտ կեսի քվեաթերթիկների հաշվառման արդյունքում, կազմում է շուրջ 50 տոկոս: Վրաստանի ԿԸՀ-ի վեբ-կայքում հունվարի 7-ի 02:30-ին հրապարակված տվյալների համաձայն, 1769 ընտրական տեղամասերի, որը կազմում է ընդհանուր քանակի կեսից ավելին, քվեաթերթիկների մշակման արդյունքում պարզ է դարձել, որ Միխաիլ Սահակաշվիլու օգտին քվեարկել է ընտրողների 50,26 տոկոսը (551,193 հազար ձայն): Սահակաշվիլուց հետո երկրորդ տեղում է միավորված ընդդիամության թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն` վերջին տվյալներով նա հավաքել է ձայների 25,53 տոկոսը (կամ 280,042 ձայն):

Մյուս թեկնածուների օգտին տված ձայները բաշխվել են հետեւյալ կերպ` Արկադի Պատարկացիշվիլի-6,91 տոկոս (75735), Շալվա Նաթելաշվիլի-6,77 տոկոս (74216), Դավիթ Գամկրելիձե-3,92 տոկոս (42971), Գեորգի Մաիսաշվիլի-0,79 տոկոս (8672), Իրինա Սարիշվիլի-Չանտուրիա-0,31 տոկոս (3379):

Ընտրություններում հաղթելու համար նախագահության թեկնածուին հարկավոր է հավաքել 50 տոկոս գումարած 1 ձայն: Հակառակ դեպքում երկու շաբաթ անց կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ:

Լեւան Գաչեչիլաձեն հաղթում է Մ.Սահակաշվիլուն մայրաքաղաքում, միեւնույն ժամանակ մեծ տարբերությամբ ետ մնալով շրջաններում, հաղորդում է Նովոստի-Գրուզիան: Ձայների հաշվառումը ԿԸՀ-ում շարունակվում է: Ընտրություններն անցան հունվարի 5-ին 3 հազար 512 տեղամասերում, դրանց մասնակցեցին շուրջ երկու միլիոն ընտրողներ: