Պոչամբարների կառուցման տեխնիկական պահանջներն ու չափանիշներն օրենքով կկանոնակարգվեն

Պոչամբարների կառուցման տեխնիկական պահանջներն ու չափանիշներն օրենքով կկանոնակարգվեն

PanARMENIAN.Net - Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցման տեխնիկական պահանջներն ու չափանիշներն օրենսդրորեն սահմանված չեն: Բացը լրացնելու նպատակով՝ ՀՀ կառավարությունն օգոստոսի 10-ի նիստում հավանություն է տվել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցման տեխնիկական պահանջներն ու չափանիշները սահմանելու մասին որոշման նախագծին։

«Առաջարկվում է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների, այդ թվում նաև պոչամբարների նախագծման և կառուցման փուլում հաշվի առնել շրջակա միջավայրի պահպանության և շինարարության համար օրենսդրությամբ սահմանված նորմերը, ինչպես նաև խուսափել սողանքային տարածքներում նման օբյեկտներ կառուցելուց: Նախագծման փուլում պետք է նկատի ունենալ նաև պոչամբարի ինչպես պարունակության` ընդերքօգտագործման թափոնների, այնպես էլ տվյալ տարածքի հետագա օգտագործման հնարավարությունը»,- ներկայացնելով օրինագիծը՝ ասել է էներգետիկայի նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանը, գրում է Panorama.am-ը:

Անդրադառնալով ընդերքօգտագործման թափոնների նոր օբյեկների կառուցմանը՝ նա նշել է, որ անհրաժեշտ է նախատեսել ընդերքօգտագործման վտանգավոր թափոնների օբյեկներից դուրս եկող աղտոտված ջրերի մաքրման համակարգի կառուցում՝ ստորերկրյա և մակերևութային ջրային ռեսուրսների աղտոտումը կանխարգելելու համար:

Պոչամբարները հանքարդյունաբերության կից բնապահպանական կառույցներ են, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմական թափոններ, հանքաջրեր։ Պոչամբարի թափոնները պիտանի են նաև հետագա օգտագործման համար։ Նրանք բացի թափոններից պարունակում են մեծ քանակությամբ օգտակար հանածոներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել այլ ոլորտներում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---