Քանի անգամ են կրակել ոստիկանները

Քանի անգամ են կրակել ոստիկանները

PanARMENIAN.Net - Օգոստոսի 29-ին Էրեբունի թաղամասում ոստիկանները վնասազերծման ժամանակ սպանել են թաղամասի բիլիարդ-ակումբներից մեկում երիտասարդ աղջկա պատանդ վերցրած Գոռ Հակոբյանին։

Միջադեպը հայկական իրականության համար բացառիկ է․ ոստիկանները, որպես կանոն, հազվադեպ են կիրառում հրազեն, այն էլ՝ մահվան ելքով, երբ խոսքը վերաբերում է կենցաղային կամ քրեական միջադեպերին։ Առավել հայտնի բռնության միջադեպերը կապված են զանգվածային ցույցերի՝ մարտի 1-ի ու ՊՊԾ գնդի գրավման գործողությունների հետ, որոնց ընթացքում տուժել են հարյուրավոր քաղաքացիներ, մի քանիսն, այդ թվում՝ ոստիկաններ, սպանվել են։

Ոստիկանությունից PanARMENIAN.Net ին տրամադրեցին վերջին 10 տարում՝ 2007-ից 2017 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գործողությունների ընթացքում տուժած, սպանված և վիրավորված քաղաքացիների ու ոստիկանների թվաքանակի վերաբերյալ տվյալներ՝ բացառությամբ մարտի 1-ի ու ՊՊԾ գնդի գրավման շուրջ զարգացումների ընթացքում միջադեպերի։

Ըստ այդմ, ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննություններով առկա տեղեկատվության համաձայն, ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկվելու ընթացքում մարմնական վնասվածքներ են ստացել 7 քաղաքացի, որոնցից 1-ը՝ հրազենային: Բերման ենթարկելու ընթացքում մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանության 3 ծառայող:

Ոստիկանության ստորաբաժանումներում իրականացված ծառայողական քննություններով առկա տեղեկատվության տվյալները, սակայն, տարբերվում են ներքին անվտանգության վարչության տվյալներից․ ըստ այդմ, վերջին 10 տարում (կրկին՝ չհաշված մարտի 1-ի ու ՊՊԾ գնդի դեպքերը) բերման ենթարկվելու ընթացքում մարմնական վնասվածքներ են ստացել 5 քաղաքացի, որոնցից 1-ը՝ հրազենային, և 8 ոստիկան։

Երկու դեպքում էլ, մահվան դեպքեր չեն գրանցվել՝ չհաշված Գոռ Հակոբյանի հետ կապված միջադեպը:

Սակայն պաշտոնական վիճակագրությունում ներառված չեն մի շարք միջադեպեր, ինչպես, օրինակ, 2011 թվականին Գարեգին Նժդեհ հրապարակում 2011 թվականին ավազակային հարձակման կատարման մեջ կասկածվող Արամ Ենգիբարյանի սպանությունը։ Նույն 2011 թվականին՝ մեծահարուստների տները թալանող հայտնի բանդայի վնասազերծման ժամանակ, փախուստի դիմելու ընթացքում ժայռից ընկել ու մահացել էր բանդայի անդամներից մեկը՝ թեև դա ոստիկանական միջամության դեպք դժվար է համարել։

Հարկ է նշել, որ միջադեպերի հետ կապված նյութերը ոստիկանությունում, գործող օրենսդրության համաձայն, պարբերաբար ոչնչացվում են։ Այսպիսով, ըստ ոստիկանության պարզաբանման, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում 2007-2012թթ. ընթացքում կատարված ծառայողական քննության և ուսումնասիրության նյութերի մեծ մասը սահմանված կարգով ոչնչացվել են, ուստի հիշյալ ժամանակահատվածի վերաբերյալ հարցվող տեղեկատվությունը լիարժեք տրամադրել հնարավոր չէ:

Ոստիկանության ծառայողների նկատմամբ նշանակված ծառայողական քննության դեպքերի վերաբերյալ ներքին անվտանգության վարչությունում միասնական հաշվառում իրականացվում է ՀՀ ոստիկանության պետի 2011թ. ապրիլի 29-ի թիվ 13-Ց ցուցումի համաձայն: Բացի այդ, ոստիկանության ստորաբաժանումներից ստացված ծառայողական քննության եզրակացությունների պահպանման ժամկետ «ՀՀ ոստիկանության պետի 2007թ. հուլիսի 11-ի թիվ 55-ԱԳ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ոստիկանության պետի 2014թ. փետրվա¬րի 28-ի թիվ 24-ԱԳ հրամանով սահմանված է 3 տարի: Հետևաբար, 2011-2012 թթ. ընթացքում ստորաբաժանումներից ստացված եզրակացությունները ևս ոչնչացվել են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---