Մատենադարանում Լազարյանների գործունեությանը նվիրված ցուցադրություն կբացվի

Մատենադարանում Լազարյանների գործունեությանը նվիրված ցուցադրություն կբացվի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի կունենա Լազարյան ազնվական տոհմի գործունեությանը նվիրված ցուցադրության բացումը։

Ցուցադրությանը ներկայացվելու են Մատենադարանի ու Ե. Չարենցի անվ. Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուներում պահվող առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթեր, պատմական բացառիկ նշանակության վավերագրեր, եզակի լուսանկարներ, շքանշաններ։ Ցուցադրված են նաև ձեռագրական նմուշներ Մատենադարանի Լազարյանների ֆոնդից, հաղորդում են Մատենադարանից։

Աղբյուրի հաղորդմամբ, ցուցադրությունը ներկայացնում է Լազարյան տոհմի անցած փառապանծ ուղին:

Լազարյանները կարևոր դեր են կատարել Իրանում, հատկապես Նոր Ջուղայի հայոց կյանքում: 18-րդ դարի կեսերից հաստատվելով Ռուսաստանում՝ նրանք մեծ ներդրում են ունեցել տնտեսության ու լուսավորության ասպարեզում: Նրանք մեծ դեր են խաղացել նաև հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման, հայկական ու ռուսական մշակույթների զարգացման ու փոխհարստացման գործում։

Լազարյանների ուժերով 1805 թ. հիմնվել է Մոսկվայի հայկական «Վագանկովսկոյե» գերեզմանատունը, որտեղ կառուցվել է Սուրբ Հարություն եկեղեցին։ 1815 թ. իր դռներն է բացել հռչակավոր Լազարյան ճեմարանը, այնուհետև՝ ուսումնական կենտրոնին կից տպարանը (1829 թ.) և թատրոնը։ Ճեմարանը 1827 թ. վերափոխվել է Արևելյան լեզուների ինստիտուտի, որը մեծ դեր է կատարել Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում արևելագիտության, ինչպես նաև դիվանագիտական մտքի ձևավորման գործում։ Լազարյան ճեմարանում են սովորել հայ և ռուս ականավոր գրողներ, մշակութային գործիչներ, բանասերներ ու պատմաբաններ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---