Փորձագետ. Ադրբեջանը պետք է հրաժարվի խորհրդային ռազմական տեխնիկայից

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պետք է հրաժարվի ՄԻԳ-29 տիպի ինքնաթիռներից: «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պետք է դադարեցնի ԽՍՀՄ ժամանակաշրջանում արտադրված ռազմական տեխնիկայի օգտագործումը»,-հայտարարել է հայտնի ռազմական փորձագետ, ադրբեջանական Զինված ուժերի քաղաքացիական վերահսկման ժողովրդավարական կենտրոնի ղեկավար Ալեքպեր Մամեդովը:



Հունվարի 29-ին ուսումնական թռիչքների ժամանակ վթարի ենթարկվեց Պաշտպանության նախարարության ռազմա-օդային ուժերի ՄԻԳ-29 կործանիչը: Արդյունքում, երկու օդաչուները` Ֆահրեդդին Ասկերովն ու Աֆղան Ասլանովը զոհվեցին: ՄԻԳ-29 տիպի կործանիչներ վթարի են ենթարկվել նաեւ Ռուսաստանում, Մալայզիայում, Պերույում, Սլովակիայում եւ Հայաստանում ուսումնական թռիչքների ժամանակ:



Մամեդովն ասել է, որ, հավանաբար, ՄԻԳ-29 ինքնաթիռի վթարն Ադրբեջանում կապված է տեխնիկական խնդիրների հետ: Քիչ հավանական է, որ ողբերգության պատճառ լինի օդաչուների գիտելիքների ցածր որակը: «ՄԻԳ-29 ինքնաթիռների կործանումը որոշ երկրներում ցույց է տալիս, որ ինքնաթիռների այդ տեսակում կա արտադրական խոտան»,-հավելել է ռազմական փորձագետը: Նրա խոսքերով, կործանիչի կատապուլտը սարքին չի եղել, եւ օդաչուները չեն կարողացել օգտվել դրանից եւ, արդյունքում, զոհվել են:



Ադրբեջանի ՌՕՈՒ-ն օգտագործում է ՄԻԳ-երը երկրի օդային տարածքը պաշտպանելու համար:



Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, թե սխալ է վարկածներ առաջարկել մինչ կատարվածի պատճառը պարզաբանելը: Վթարի տեխնիկական պատճառի մասին կարելի կլինի խոսել միայն սեւ արկղերը հայտնաբերելուց հետո, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---