Անկարա. Եվրամիությանը չպետք է վախեցնի Թուրքիայի հզորությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը հսկայական ներդրում կլինի կազմակերպության համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետի օգնական Ալի Սարիկայան: Նրա խոսքերով, ԵՄ-ն պետք է մտածի իր ապագայի մասին եւ Թուրքիան կազմակերպության այլ անդամ պետությունների համեմատությամբ կարող է մեծ ներդրում ունենալ նրա զարգացման մեջ:



Փորձագետները գտնում են, որ Թուրքիայի հարցում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դիրքորոշումների հիմնական պատճառներից մեկն այն բանի ընկալումն է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեպքում ԵՄ առաջատարների եռյակը` Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան, ստիպված կլինեն տեղ ազատել: Թուրքիան, իր մեծ տարածքով, բնակչությամբ, տնտեսական եւ աշխարհաքաղաքական նշանակությամբ, նրանց հետ միասին կկազմի արդեն Եվրոպայի առաջատարների քառյակ:



2004 թվականին մեկնարկեցին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Այդ կազմակերպությանը Թուրքիայի անդամակցման ձգձգման հիմնական պատճառներն են` քրդական խնդիրը, Հայաստանի հետ փակ սահմանը, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:



Ըստ 2005 թվականի վիճակագրության, Թուրքիայի բնակչությունը 73 միլիոն է: Երկրում բնակվում են շուրջ 25 ազգային փոքրամասնություններ: Երկրի հիմնական բնակչությունը թուրքեր են: Երկրում գործում է շուրջ 80 հազար մեջիթ: Թուրքիայի բանակը երկրորդն է ՆԱՏՕ-ում իր քանակով եւ մարտական հզորությամբ: Թուրքական սպառազինությունների շուկայում վաճառքի տարեկան ծավալը կազմում է 3-5 մլրդ դոլար, գրում է «Թրենդը»:



Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով Եվրոպայի ապագային նվիրված «Միասին կառուցենք մեր ապագան» խորհրդաժողովում դեմ հանդես եկան Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին:



«Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում, քանի որ գտնվում է Փոքր Ասիայում: Եթե մենք անվերջ ընդլայնենք ԵՄ-ն, կոչնչացնենք քաղաքական Եվրոպան»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---