Կոսովոյի անկախության հռչակումը կարող է ձգձգվե՞լ

PanARMENIAN.Net - Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչին ակնարկել է, որ երկրամասի անկախության հռչակումը կարող է հետաձգվել, վերջ դնելով այն լուրերին, թե դա կարող է մոտ օրերս լինել: «Անկախության օրը Կոսովոն կավարտի սահմանադրության նախապատրաստումը եւ պետական խորհրդանիշների ստեղծումը: Սահմանադրության համաժողովրդական քննարկումն արդեն ընթացքի մեջ է եւ իմաստ չկա խոսել, թե քանի օր կամ ժամ է մնացել մինչ այդ իրադարձությունը: Ես կարծում եմ, որ պետք չէ քննարկել, թե երբ կհռչակվի անկախությունը` մի քանի օրից, ժամից կամ րոպեներից, կլինի դա կիրակի, երեքշաբթի թե հինգշաբթի»,-ասել է Խաշիմ Տաչին: Նա ընդգծել է, որ կարեւորն այն է, որ Կոսովոն գտնվում է անկախության հռչակման նախապատրաստման եզրափակիչ փուլում:



Դեռեւս պարզ չէ թե որքան կտեւի Կոսովոյի սահմանադրության քննարկումը: Սակայն, ինչպես կարծում են քաղաքական տեսաբանները երկրամասի մայրաքաղաք Պրիշտինայում, հազիվ թե այն երկու շաբաթից ավելին լինի: Վարչապետը կրկին նշել է, որ անկախության հռչակումը կհամաձայնեցվի ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ: Վերջերս Խ.Տաչին հայտարարել էր թե Կոսովոյի անկախության հռչակումը «մի քանի օրվա գործ է»:



Հիշեցնենք, որ Սերբիան վճռականորեն դեմ է անկախություն հռչակելու Կոսովոյի մտադրությանը: Սակայն ԱՄՆ-ն ու ԵՄ-ի շատ երկրներ սատարում են այդ գաղափարին: Ռուսաստանը պնդում է, որ Կոսովոյի կարգավիճակի ցանկացած փոփոխություն առաջին հերթին պետք է քննարկվի Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---